Մեծ պահք. տնտեսի կիրակի՝ մարտի 12
Փետրվարի 20-ից մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Մեծ Պահքի երկրորդ կիրակին (այս տարի՝ փետրվարի 26) կոչվում է նաև Արտաքսման:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին (այս տարի՝ մարտի 12) կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Qahana.am-ի հաղորդմամբ, Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է ապրիլի 9-ին։
Հարակից հրապարակումներ`
- Որքանով է պահքը դրական ազդեցություն ունենում առողջության վրա և հակառակը. Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյան
- Մեծ պահք. արտաքսման կիրակի՝ փետրվարի 26
- Սկսվում է Մեծ պահքի շրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան