Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գևորգ Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, ով քրեական վարույթի ընթացքում իրականացնում է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի շահերի պաշտպանությունը, գրում է.
«ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի մասին՝ փորձելով արդարացնել պարեկների գործողությունները։ Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ավտոմեքենան «անկանոն վարել», ինչպի՞սի իրավախախտում է այն, ո՞ր իրավական ակտով է սահմանված, ընդ որում՝ նույն հարցադրումները պարեկների հետ զրույցում արել է անձամբ Գևորգ Պետրոսյանը։
Բացի այդ, Գ.Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ.Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի կատարման անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է»։
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Պարեկների օրինական պահանջին չենթարկված վարորդը ձերբակալվել է։
Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան