Կոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչո՞ւ որոշվեց հիմա բացահայտել․ Արթուր Վանեցյան
Կոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչի որոշվեց հիմա բացահայտել, այն էլ` կիսատ-պռատ։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նկատել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ չբացառելով, որ խնդիրը ոչ թե արդարության վերականգնում է կամ մեղավորներին պատժելը, այլ՝ քաղաքական նպատակահարմարությունը։
Լրատվամիջոցը նկատում է, որ օրեր առաջ տված հարցազրույցում Արթուր Վանեցյանն ակնարկել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից դուրս գալուց հետո իշխանությունները կոռուպցիոն հանցագործություններ չեն բացահայտել։ Մինչեռ նախորդ շաբաթվա վերջին ՀԿԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում արձանագրվաղ աղաղակող չարաշահումների ու ձերբակալությունների մասին, որոնց առանցքում գործող իշխանության ներկայացուցիչներն են։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել է Ա.Վանեցյանից, արդյոք չի կարծում, որ մի փոքր շտապել է իր գնահատականի մեջ։
«Եթե խոսքը վերաբերում է օրերս արված բացահայտումներին, ես թերահավատ եմ, որ տեղի ունեցածը կոռուպցիայի դեմ պայքարի կամ օրենքի գերակայության հաստատման արդյունք է»,- ասել է Ա.Վանեցյանը՝ նկատելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներն այնպես չէ, որ անակնկալ էին կամ հիմնազուրկ են։
«Ամենևին։ 2020 թվականին բազմաթիվ գործընկերներ, նաև մեր կուսակցական ընկերները խոսում էին այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ծավալվում է ծայրահեղ անարդյունավետ և հնչեցվում էին հիմնավոր կասկածներ, որ պետության կողմից հատկացված միջոցները տնօրինվում են խիստ անարդյունավետ և առկա են չարաշահումներ։ Այնպես որ՝ կասկած չունեմ, որ չարաշահումներ տեղի են ունեցել։ Բայց սա հարցի մի կողմն է»,- ասել է Ա. Վանեցյանը։
Նրա արձանագրմամբ՝ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ «Եթե չարաշահումները տեղի են ունեցել դեռ երեք տարի առաջ ու այդ մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, ինչու հանկարծ որոշվեց հենց հիմա անդրադառնալ դրանց։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ խնդիրը ոչ թե արդարության վերականգնում է կամ մեղավորներին պատժելը, այլ՝ քաղաքական նպատակահարմարությունը։ Եթե խնդիրը չարաշահումները ողջ ծավալով բացահայտելն ու մեղավորներին պատժելն է, ինչո՞ւ է ներգրավված անձանց շրջանակն այդքան փոքր։ Ի վերջո, մեր երկիրը փոքր է, և տեղեկությունները շատ շուտ են տեղ հասնում։
Մասնավորապես, կան տեղեկություններ, որ արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձանցից բացի, կորոնավիրուսով պայմանավորված չարաշահումների մեջ բազմաթիվ այլ անձինք և ինստիտուտներ ևս ներգրավված են եղել։ Ինչո՞ւ է քննությունը մասնակի և հատվածական։ Եթե այս հարցերը սպառիչ պատասխաններ չեն ստանում, կնշանակի, որ մենք գործ ունենք քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված գործողության հետ, այլ ոչ թե կոռւպցիայի դեմ պայքարի։ Կոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչի որոշվեց հիմա բացահայտել, այն էլ` կիսատ-պռատ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ա.Վանեցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան