Շիրակի մարզում գործ ունենք մերժված արդարադատության հետ. փաստաբան
Շիրակի մարզի փաստաբաններն իրենց բողոքն են հայտնում առ այն, որ մարզի դատարանների (քրեական, քաղաքացիական, վարչական) դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը: Շիրակցի փաստաբանների ներկայացմամբ, դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են, արդյունքում դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է եղել:
Ասուլիսում շիրակցի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ վերջին տարիներին դատավորների հաճախակի տեղափոխությունների պատճառով Շիրակի մարզում, ըստ էության, գործ ունեն մերժված արդարադատության հետ։
«Որևէ դատավոր գործն ընդունում է իր վարույթում, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, տեղափոխվում է այլ դատարան, նոր եկած դատավորը ստիպված է լինում այդ գործը սկսել զրոյից։ Քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են դատաքննության փուլում, տարիներ շարունակ չեն կարողանում իրենց գործով որևէ ելքի հասնել»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ գործերն հիմա այնքան են կուտակվել, որ նույնիսկ հաստիքների լրիվ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել։
Ներկայացված տվյալների համաձայն, վերջին 2-3 տարում Շիրակի մարզում տեղի է ունեցել դատավորների 13-14 տեղափոխություն, այսինքն նույնքան, որքան կազմում է Շիրակի մարզի դատավորների հաստիքակազմը։ Ա. Հայրապետյանն ասաց, որ Շիրակի մարզում դատավորներն աշխատում են մի քանի ամիս, ամենաերկարը եղել է 1-1,5 տարի ու տեղափոխվում են Երևան կամ այլ մարզ, որի հետևանքով նրանց վարույթում գտնվող գործերը գումարվում են նոր գործերին, տրվում է այլ դատավորի ու ստացվում է՝ ամիսներ շարունակ գործը քննում են, ռեսուրսներ են վատում, սակայն գործն, ըստ էության, որևէ լուծում չի ստանում։
Ա. Հայրապետյանն ընդգծեց, որ տեղափոխությունների պատճառով առաջացած խնդիրներից է նաև քաղաքացիների իրավունքների մասսայական խախտումները. «Այսինքն քաղաքացիները, ովքեր իրենց իրավունքի պաշտպանության համար դիմել են դատարան, տևական ժամանակ չեն իմանում իրենց գործի վերաբերյալ ելքն ինչպիսին է լինելու»։
Փաստաբանն օրինակի համար նշեց, որ կա քրեական գործ, որը մուտք է եղել 2022 թ. հուլիսին, արդեն 4-րդ դատավորը պետք է քննի այդ գործը։
«Կա խնդիր, որն այնքան է հասունացել, որ քաղաքացիների դատական պաշտպանությունը որպես այդպիսին չի գործում, և այս խնդիրը կանխելու, ապագայում նոր փոփոխություններ թույլ չտալու կամ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու համար այսօր ասուլիս են հրավիրել ու հայտնում են, որ ապագայում այդ խնդիրը շարունակվելու դեպքում անցնելու են ամենածայրահեղ միջոցի, Շիրակի փաստաբանները պատրաստ են անգամ գործադուլ հայտարարել, ընդհանրապես դատական նիստերին չմասնակցել, միգուցե այդ կերպ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն այս խնդրին ու հասկանան, որ իրավիճակը Շիրակի մարզում իրոք ծայրահեղ խնդրահարույց է»,- ասաց փաստաբան Ա. Հայրապետյանը։
Փաստաբան Արտուշ Հակոբյանը կատակեց՝ Շիրակի մարզում օրվա ժամերն այնքան արագ չեն փոխվում, որքան դատավորները։
«Այսօր իմանում ենք, որ նշանակվել է դատավոր, դեռևս այդ դատավորը Շիրակի մարզի դատարան չմտած՝ տեղափոխվում է մեկ այլ դատարան։ Վերջերս, մեկը նշանակվեց Շիրակի մարզի դատարանի դատավոր, անմիջապես ԲԴԽ որոշմամբ տեղափոխվեց Արմավիրի մարզի դատարան, Շիրակի մարզի փաստաբանները տվյալ դատավորին այդպես էլ չտեսան»,- ասաց Ա.Հակոբյանը։
Փաստաբան Հայկ Հարությունյանն ասաց, որ այս իրավիճակում տուժում են ոչ միայն քաղաքացիները, փաստաբանները, նաև պետությունը. «ԲԴԽ անդամների անտրամաբանական որոշումների հետևանքով պետությունը միայն Շիրակի մարզի դատարանների մասով 2022-2023 թթ. 100 միլիոն դրամ ուղղակի անիմաստ ծախսել է։ Ամենացածր թվերով եմ ես հաշվարկել»։
Փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ պաշտպանյալներից մեկն երբ իմացել է, որ դատավորը գնալու է և իր խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջորդությունը չի քննվելու, հայտարարել է՝ հացադուլ կհայտարարի, և միայն փաստաբանների խնդրանքով դեռ չի դիմել նման ծայրահեղ միջոցի։
«Քրեակատարողական հիմնարկներում կան մարդիկ, ովքեր իսկապես հոգնել են այս իրավիճակից։ Պաշտպանյալ ունեմ, որ ասում է՝ ի վերջո այնքան նստեցի, որ պատժի ժամկետը լրանում է, իսկ մինչ այդ ակնկալում էի արդարանալ»,- նշեց փաստաբանը։
Թամարա Յայլոյանի ներկայացմամբ, կան ամուսնալուծության գործեր, որոնք կրկին չեն ավարտվում։
«Մարդը կոնկրետ ասում է. ես ուրիշ տղամարդու հետ եմ արդեն ապրում, հղի եմ ուրիշ տղամարդուց, բաժանեք։ Բայց դատարանը դեռ գործ է քննում, նախնական փուլում է գտնվում»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, մարդիկ հասկանում են, որ անիմաստ է, անարդյունավետ է դատարան դիմելը այն պատճառով, որ դատավորները տեղափոխվում են, գործերի քննությունները ձգձգվում են։
Արամայիս Հայրապետյանն ասաց, որ դատավորների տեղափոխության ԲԴԽ պաշտոնական պատճառաբանությունն է՝ իրենց համար առաջնայինը Երևանում հաստիքների համալրումն է, որն, ըստ նրա, անթույլատրելի է։ Նա նաև մեջբերեց ԲԴԽ անդամներից մեկի խոսքը. «Նա ասում է՝ գիտեք ինչ, մեզ համար կարևոր է, որպեսզի Երևանում ունենանք փորձառու դատավորներ, մեզ համար առաջնայինը Երևանի դատարանն է, այդ պատճառով դատավորին ուղարկում ենք մարզ, որպեսզի որոշակի փորձառություն ձեռք բերի ու տեղափոխենք Երևան։
Ըստ էության, Շիրակի մարզում ԲԴԽ անդամի համար երկրորդ սորտի անձինք ենք ապրում, ովքեր արժանի չեն արդարադատության, որոնց գործերը քննվի դատարանում փորձառու ու նորմալ դատավորների կողմից։ Եթե ԲԴԽ-ն այս տրամաբանությամբ է իր որոշումները կայացնում, ոչ միայն անթույլատրելի է, նաև վիրավորական է», - նշեց փաստաբանը։
Փաստաբանների առաջարկն է՝ Շիրակի մարզում դատավորներ նշանակել անձանց, ովքեր պատրաստ են առնվազն երեք տարի Շիրակի մարզում աշխատել, կուտակված գործերի քննության համար Շիրակի մարզում ժամանակավոր հաստիքներ ստեղծել, գործուղել դատավորներ, որպեսզի գերծանրաբեռնվածությունը թեթևացվի և նորմալ հաստիքների պայմաններում հնարավոր լինի ողջամիտ ժամկետներում գործ քննել։