Վրաստանի իշխանությունը ճիշտ տեղում չի թշնամի փնտրում. Ուկրաինայի դեսպանատուն
Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի ղեկավարության վերջին հայտարարություններին:
«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ դեսպանատունը նշել է, որ Վրաստանի կառավարությունն այնտեղ չի թշնամի փնտրում, որտեղ դրա կարիքը կա։ Ուկրաինայի դեսպանատունը կտրականապես մերժում է «իրականության հետ ոչ մի կապ չունեցող ենթադրությունները»։
Դեսպանատունը գրել է, որ, գրեթե բառացիորեն կրկնելով ռուսական քարոզչության թեզը՝ վրացական իշխանության ներկայացուցիչներն Ուկրաինային մեղադրել են Վրաստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու և քաղաքացիական պատերազմ սկսելու համար ուժեր ուղարկելու մեջ:
«Վերջին մի քանի օրերին Վրաստանի վարչապետն ու խորհրդարանի ղեկավարությունը մի շարք ոչ բարեկամական հայտարարություններ արեցին Ուկրաինայի նկատմամբ։
Վստահ ենք, որ վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող սասանել ուկրաինացի և վրացի ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում վրացիների աջակցությունն անկախության համար ուկրաինացիների պայքարին։
Մյուս կողմից, Ուկրաինան եղել է և կմնա վրաց ժողովրդի բարեկամը, որը, հուսով ենք, չի կասեցնի եվրոպական ապագայի զարգացումը»,- նշված է Ուկրաինայի դեսպանատան հայտարարության մեջ։