Տեխասում ռադիոակտիվ սարք է կորել
Տեխասի Առողջապահության դեպարտամենտից հայտնել են, որ Հյուսթոնում անհետացել է ռադիոակտիվ նյութ պարունակող արդյունաբերական սարքը։ Դեպքին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
«Ռադիոգրաֆիական տեսախցիկ է կորել Հյուսթոնում: Այն պարունակում է ռադիոակտիվ նյութ: Եթե տեսախցիկը հայտնաբերվի, մի փորձեք բացել այն: Զանգահարեք 911 կամ բաժանմունքի համարով, որպեսզի հաղորդեք սարքի գտնվելու վայրը»,-նշում է դեպարտամենտը Twitter-ի իր հաշվում: .
Ռադիոակտիվ նյութը փակված է պարկուճի մեջ և շրջապատված է մի քանի պաշտպանիչ շերտերով, մյուսների համար ճառագայթման մակարդակը մեծ վտանգ չի ներկայացնում, նշել են վարչությունում։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սարքն անհետացել է մարտի 9-ին և դեռ չի գտնվել։
Ըստ գործակալության՝ տեսախցիկը, որը պատկանում է Statewide Maintenance-ին և կշռում է մոտ 24 կիլոգրամ, օգտագործվել է շինարարության ոլորտում՝ ռենտգենյան պատկերներ ստանալու համար, քանի որ այն կարող է հայտնաբերել ճաքեր և թերություններ, որոնք տեսանելի չեն անզեն աչքով: Նման տեսախցիկի արժեքը գնահատվում է 15-20 հազար ԱՄՆ դոլար։ Իշխանությունները պարգև են հայտարարել սարքի վերադարձի համար։