Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքն ազատ տեղաշարժի համար․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Վերջին անգամ Հայաստան այցելել էի 2012թ․-ին՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ փաստելով, որ այս ընթացքում շատ բան է փոխվել։
«Ես այստեղ եմ ՀՀ Կառավարության հրավերով, որպեսզի օգնեմ Կառավարությանն ամրապնդել կապերը ԵՄ-ի և առհասարակ՝ Արևմուտքի հետ։ Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ Հայաստանի հարավային մարզեր, որպեսզի իմ աչքերով տեսնեմ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Ես հրաշալի Ջերմուկ քաղաքում եմ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ադրբեջանական հարձակումը ինչ բացասական ազդեցություն է ունեցել քաղաքի, մասնավորապես՝ զբոսաշրջային կյանքի վրա»,- ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Ռասմուսենը նշեց, որ այսօր այցելել է նաև Լաչինի միջանցք:
«Ինչպես գիտեք, այդ միջանցքը միակ կապն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև: Անցած տարվա դեկտեմբերից այդ ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ՝ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է Լեռնային Ղարաբաղում: Շրջափակումը նշանակում է, որ միայն շատ փոքր քանակով պարեն կամ դեղորայք է հնարավոր հասցնել Լեռնային Ղարաբաղ, ինչը նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս Լեռնային Ղարաբաղում: Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի, որը կարող է վերածվել մարդասիրական աղետի: Այդ շրջափակումն անօրինական է: Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ։ Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքն ազատ տեղաշարժի համար: Ես ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասում՝ վերացրո՛ւ շրջափակումն անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։