2023թ. փետրվարին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 8.1%. ԿԲ
2023 թվականի փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել՝ կազմելով 8.1%, իսկ բնականոն գնաճը՝ 8.4%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամյսակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճն ու 12-ամյսա գնաճը դանդաղել են։
«Այնուամենայնիվ, դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր։ Ուստի զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։
Դա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը։ Արդյունքում, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակվում են թուլանալ»,- նշեց Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահն ասաց, որ 2023 թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը։ Բարձր ակտիվությունն, ըստ նրա, ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանման և ՀՆԱ-ի ներուժի ավելացմամբ։
Մարտին Գալստյանի խոսքով՝ իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել։
«Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի, առանձին ապրանքների և ծառայությունների գների աճին»,- ասաց նա` հավելելով, որ ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացմանը և չեզոքացնելու գնաճային սպասումների «ապախարսխման ցանկացած ռիսկ»։
ԿԲ նախագահը վստահեցրեց, որ դրամավարկային քաղաքականության սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ «ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, և ռիսկերի պարագայում էլ Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունության նպատակը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան