ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եկել են Հայաստան
Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Տասնվեց ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ օրս Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել են իրենց աշխատանքը դպրոցների և համայնքային խմբերի հետ՝ իրականացնելով տարբեր առցանց ծրագրեր և դասընթացներ։
«Մենք շատ ոգևորված ենք, որ առիթ ունենք ականատես լինելու կամավորների պատմական վերադարձին Հայաստան,-ասել է Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին։ «Ես գիտեմ, որ կամավորները կծառայեն մեծ խանդավառությամբ ու եռանդով, և վստահ եմ, որ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև համագործակցության նոր հնարավորություններ և ամուր բարեկամություն կհաստատվի»։
Ըստ Հայաստանի կառավարության հետ ունեցած համաձայնության՝ կամավորները կաշխատեն Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և հասարակական կազմակերպություններում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կօգնեն անգլերենի ուսուցիչներին և աշակերտներին բարելավել անգլերենի հմտությունները, ինչպես նաև կաշխատեն երիտասարդների հետ՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ի նպաստ Հայաստանի համայնքների զարգացման։
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ.-ից սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով։ Խաղաղության կորպուսը նպաստել է երկու՝ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ Խաղաղության կորպուսի կամավորները հայ ժողովրդի հետ կիսվել են իրենց մշակույթով, ինչպես նաև ներկայացրել հայկական մշակույթը ԱՄՆ-ի իրենց համայնքներում։
Հայաստանում ծառայել է Խաղաղության կորպուսի ավելի քան 1.100 կամավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան