Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է
Այսօր բանաստեղծ Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է:
«Հիշում եմ Շիրազի թաղումը: Ուսանող էինք, համալսարանից խմբով եկանք Օպերայի հրապարակ: Ծով բազմություն էր: Նախկինում ես երբեք այդքան մարդ մի տեղում խմբված չէի տեսել: Իսկ երբ Շիրազի մարմինը դուրս բերեցին շենքից, շուրջն ամեն ինչ այնպես տարուբերվեց ու ալեկոծվեց, որ մեզ ուրիշ ոչինչ չէր մնում, քան բարձրանալ հրապարակը շրջապատող մետաղե ցանկապատի վրա ու այնտեղից ցատկել դեպի փողոց:
Այդ օրը երկու բան տպավորվեց ու մեկընդմիշտ մեխվեց հիշողությանս մեջ: Առաջինը ձնծաղիկներն էին, որոնցով ծածկված էր Շիրազի մարմինը, իսկ երկրորդն այն բանի գիտակցումը, թե ինչ ասել է լինել ժողովրդի բանաստեղծը»,- գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը։
«Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է». Ավետիք Իսահակյան
Հովհաննես Շիրազը ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի ): Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։
Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ: Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։
Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974 թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968 թ.), «Համամարդկային» ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965 թ., Բեյրութ, 1990 թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982 թ.) պոեմներով:
Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնել էր նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք (Սովետական կառավարությունը) ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»:
Շիրազը մոտ քառասուն գրքի հեղինակ է։
Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում:
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։
Շիրազը Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է (1975, «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար)։
Մահացել է 1984 թվականի մարտի 14,-ին, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ:
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»,- գրել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան