Շահրիմանյան. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մասնագիտական մեծ աջակցություն է ժամանակակից կոմպոզիտորներին
Մարտի 16-ին Երևանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը՝ ներկայացնելով հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների արվեստը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ փառատոնն ընդգրկում է երեք սիմֆոնիկ համերգ, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ։
Փառատոնի բացման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 սիմֆոնիան և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Լիլիթ Արտեմյան)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռեմի Դյուրուն։
Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան ծնվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում, և կոմպոզիտորն այն նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Հեղինակն իր առաջին սիմֆոնիան սկսել է գրել 2016 թվականին։
Ժիրայր Շահրիմանյանը նշում է, որ շարժառիթը նույն թվականի սկզբին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իր հեղինակած Սինֆոնիետտայի կատարումն էր մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Թիվ մեկ սիմֆոնիան գրված է սիմֆոնիկ մեծ կազմի համար, տևողությունը մոտ 33 րոպե է։
«Ի տարբերություն նախորդ, միամաս սիմֆոնիկ գործերի՝ ներկայացվելիք սիմֆոնիան ծավալուն է և քառամաս: Բոլոր չորս մասերը կապված են գլխավոր երաժշտական նյութով, որը հնչում է հենց առաջին մասի սկզբում: Երրորդ մասի ավարտին հանդես է գալիս նոր, բնույթով հերոսական և գլխավոր նյութին կոնտրաստ առաջացնող մի թեմա: Այն իր լիարժեք և փայլող հնչողութունն է ստանում արդեն չորրորդ մասի ավարտին, երբ արագ ու պարային ռիթմերը տեղի են տալիս էպիկ և արդեն մեկ անգամ հնչած թեմային` ավարտելով մոնումենտալ երաժշտական կառույցը, ամրապնդելով ստեղծագործության լավատեսական կողմի դոմինանտությունը»,- ներկայացնելով իր ստեղծագործությունը՝ ասում է հեղինակը:
Ժիրայր Շահրիմանյանը նշում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երկար տարիների համագործակցություն ունի։ 7 տարիների գործակցության ընթացքում նվագախումբը կատարել է իր մի քանի ստեղծագործություններ՝ ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային գործեր, վերջիններս ներկայացվել են նվագախմբի կազմում գործող Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի և Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի կողմից։
Ժիրայր Շահրիմանյանն ընդգծում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կարևորությունը։ Այն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու, ձայնագրելու, տեսագրելու լավ հնարավորություն է։
«Փառատոնը մասնագիտական մեծ աջակցություն է կոմպոզիտորներին՝ նպաստելով նրանց զարգացմանը, ինչպես նաև հանրությունը հնարավորություն է ստանում հաղորդակից լինելու իր ժամանակի և ավագ սերնդի հեղինակների արվեստին»,- ասում է կոմպոզիտորը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով։ 2022 թվականից սկսած՝ այն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան