Հունաստանի վարչապետի անդրադարձը հույն-թուրքական հարաբերություններին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Աթենքում հյուրընկալել է Կիպրոսի նորանշանակ ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ առաջնորդները հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Մամուլի ասուլիսի ընթացքում Միցոտակիսը, անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ Կիպրոսի հարցում քաղաքական որևիցե տեսակետ փոփոխության չի ենթարկվել:
Հունաստանի վարչապետը մասնավորապես ասել է. «Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հույն-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացել է և այդ շրջանակներում բոլոր շփումները միայն նպաստում են դրան», - ապա հավելել. «Հուսով եմ, որ նման զարգացումը դրական ազդեցություն կունենա Կիպրոսի խնդրի համար»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Հունաստանը Թուրքիա էր ուղարկել 22 հոգուց բաղկացած որոնողափրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն: