Նկարիչների միությունում բացվեց «Գարնանային սալոն»՝ հետաքրքիր կտավներով ու նոր ասելիքով
Նկարիչների միությունում բացվեց «Գարնանային սալոն 2023» ցուցահանդեսը՝ հետաքրքիր կտավներով ու նոր ասելիքով։ Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միության երեք հարկերում ներկայացված են 300-ից ավելի աշխատանքներ։
«2019 թվականից իրականացնում ենք աշնանային սալոն, գարնանային սալոն։ Աշնանային սալոնից մինչ օրս քիչ ժամանակ է անցել, զարմանալի է ու գովելի, որ մեր արվեստագետները կարողացել են հանդես գալ նոր աշխատանքներով»,- նշեց նա։
Սուրեն Սաֆարյանն ասաց, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, միանշանակ, չեն կարող չանդրադառնալ արվեստագետների վրա և այսօր ներկայացված աշխատանքներում այցելուները կտեսնեն դրանց անդրադարձ։
«Նկարիչները միշտ միտված են դեպի բարություն, դեպի սեր և այդ ամենն արտացոլվում է իրենց աշխատանքներում»,- նշեց Նկարիչների միության նախագահը։
Նկարիչների միության փոխնախագահ, նկարիչ Լևոն Աբրահամյանն ասաց, որ այս սալոնը տարբերվում է նոր ասելիքով ու թարմ աշխատանքներով, հեղինակներով։
Նրա ներկայացմամբ, արվեստագետները հանդես են գալիս յուրովի ու շատ յուրահատուկ, ամեն մեկն իր ասելիքով առանձնանում է։
Նա նշեց, որ շատ երիտասարդ արվեստագետներ են անդամակցում միությանը, քանի որ Նկարիչների միությունը պրոֆեսիոնալ հարթակ է ներկայանալու, ցուցադրվելու, տաբեր ցուցահանդեսներում ընդգրկվելու համար, բացի այդ՝ միջազգային ասպարեզում ցուցադրվելու տարբեր առաջարկներ են լինում։
Լ. Աբրահամյանը խոսելով իր արվեստի մասին՝ նշեց, որ անդրադառում է այսօրվա թեմաներին, իրադարձություններին, այսօրվա մտորումներին։
«Ուզում եմ դիտորդին հասցնել այն, ինչ ես եմ զգում, իմ հետ է կատարվում։ Դա կարող է լինել ճանապարհ դեպի լույս, փնտրումներ։
Արվեստագետն ամեն կերպ փնտրում է ճանապարհ դեպի ճշմարիտը և այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտները, հարցադրումները փոխանցում է դիտորդին։
Ճանապարհի վերջնական կետը չի երևում, դա մի գործընթաց է, որի միջով նկարիչն անցնում է ու փորձում է այդ զգացողությունները փոխանցել հանդիսատեսին»,- ասաց նկարիչը։
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը ներկայացրել է 2022 թ. արված «Ջազային երաժշտություն» շարքից մի աշխատանք։
«Երաժշտության նկատմամբ անտարբեր չեմ, երբեմն շարքեր եմ անում։ Երաժշտությունը գեղանկարչության քույրն է։ Երաժշտություն լսելիս՝ զգացական աշխարհը փորձում ես վերարտադրել գույնի, կոմպոզիցիայի միջոցով»,- ասաց նկարիչը։
Արվեստագետը հայտնեց նաև, որ ապրիլի 21-ին Նկարիչների միությունում բացվելու է իր աշխատանքները ցուցահանդեսը՝ նվիրված իր 75-ամյակին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան