Այո՛, ՌԴ-ն է ստանձնել ԼՂ-ի անվտանգության երաշխավորի դերակատարումը և պետք է կատարի այն. Նիկոլ Փաշինյան
«Ինչո՞ւ ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, շատ պարզ մի պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը. ձեզ հայտնի հանգամանքներով, չի կարող լինել ԼՂ-ի անվտանգության լիարժեք երաշխավոր, հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը երաշխավորեր ԼՂ-ի անվտանգությունը»,-ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման համաձայն, որով ՌԴ նախագահին թույլ է տրվում զորքեր ուղարկել ԼՂ, այդ ամենով արձանագրվել է, որ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է:
«Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ որովհետև Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Հետևաբար, այս բոլոր փաստարկները ի մի բերելով, պետք է արձանագրել, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ՝ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ Մյուս կողմից՝ ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Էլի ուզում եմ ասել, որ ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում»,-հայտնեց Փաշինյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ ԼՂ ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա:
«Եթե էթնիկ զտման և ցեղասպանության նախապատրաստման վտանգ չլինի ԼՂ հայության համար, ապա այս նեղ վիճակում, գիտեք միլիարդներ են ուղղվում դրա համար, առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: ԼՂ ՊԲ-ի գոյությունը ամենամեծ ապացույցն է ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Նրա խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվել՝ նաև ՌԴ նախագահի հրամագրով, ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ:
«Այո՛, Ռուսաստանի Դաշնությունն է ստանձնել ԼՂ-ի անվտանգության երաշխավորի դերակատարումը և եռակողմ հայտարարությամբ, և քաղաքական մակարդակով հետևաբար պետք է կատարի այդ դերակատարումը», -հայտարարեց Փաշինյանը։