«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ. Սպառողական ոլորտում առկա խնդիրները մղվել են երկրորդ պլան
Մարտի 15-ն սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնի առթիվ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Տոների միջազգային օրացույցում սպառողների իրավունքների պաշտպանության օրն իր տեղը գտել է 1983 թվականից: Սպառողների միությունների համաշխարհային կազմակերպության ձևավորումից հետո սահմանված սպառողների հիմնարար 6 իրավունքներին ավելացան ևս երկուսը, և ներկայումս ամրագրված են 8 հիմնարար իրավունքներ` տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասը փոխհատուցելու, առողջ շրջակա միջավայր ունենալու, սպառողական կրթության և հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք։
44-օրյա պատերազն ու հաջորդած անվտանգային լրջագույն խնդիրները, որոնք ծառացել են պետության առջև, երկրորդ պլան են մղում սպառողական ոլորտում առկա այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք ամեն օր: Այդուհանդերձ, ողբերգական ելքեր ունենում ենք նաև այս ոլորտում առկա թերացումների և բացթողումների պատճառով: Հարկ է պարզապես հիշել օղու թունավորումից կամ Սուրմալուի պայթյունից զոհված մեր հայրենակիցներին:
Սպառողական ոլորտում առկա խնդիրները մղվել են երկրորդ պլան, սակայն թեմայի շուրջ քննարկումների բացակայությունը չի խոսում խնդիրների բացակայության մասին:
Եթե կոսմետիկ կամ լվացող և մաքրող միջոցի անորակ լինելու, թաց անձեռոցիկի ալերգեն պարունակելու, սննդամթերքի վտանգավոր լինելու կամ դեղատանը վաճառվող դեղի ժամկետանց լինելու մասին տեղեկություն մեզ հասանելի չէ, ապա ոչ այն պատճառով, որ ամեն ինչ կարգին է, այլ միայն այն, որ չի իրականացվել պատշաճ վերահսկողություն և չեն բացահայտվել խնդիրները:
Խնդիրները շատ են, այդուհանդերձ հիմնական խնդիրը մնում է այն, որ այդ խնդիրների լուծումն առաջնային օրակարգում չէ: Հայաստանն անգամ գործընկերային համաձայնագրերի շրջանակներում հանձնառություն ստանձնելով բարեփոխել ոլորտում առկա իրավիճակը, շարունակում է դանդաղել` ուշացնելով արդեն իսկ ուշացած և խոստացած ժամկետները:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Լիահույս ենք, որ պատկան կառույցների կողմից սպառողների իրավունքների պաշտպանությունը չի հիշվի միայն ողբերգական դեպքերից հետո կամ դասական կառուցվածքային փոփոխությունը «բարեփոխման» անվան տակ ներկայացնելիս, իսկ հասարակությունն էլ կձևավորի պրոակտիվ սպառողի ինստիտուտը և իրազեկ սպառողն իր վարքագծով և պահանջատիրությամբ կկարողանա առաջնային լուծման դաշտ տեղափոխել ոլորտում առկա խնդիրները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան