Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը ճանաչի, իրեն գժի տեղ դնողը լրջությունից խոսելու իրավունք չունի. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի։ Մարդ, ով իր իսկ խոսքերով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսին, որտեղ նա խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։
Պատգամավորը նշեց, որ կսահմանափակվի այսքանով, քանի որ կոռեկտությունը թույլ չի տալիս ավելին ասել։
Նշենք, որ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսում արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե 2018-ից ի վեր՝ Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, ու 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի ու զինամթերքի 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններում:
«Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդը ղեկավարել է Հայաստանը: Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել: Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է, որ 2018-ից ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն, կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք, եթե ձրի զենք, չասեմ՝ ձրի զենքն ինչ է», - նշել է Փաշինյանը։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանը չկարողացավ հերքել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ԶՈւ 50%-ից պակասն է ներգրավված եղել 44 օրյա պատերազմում։ «Փաշինյանը պատասխանեց մի փնթի մանիպուլյացիայով՝ մեջբերելով կամավորականների հերոսությունները»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սպառազինությանը, պատգամավորը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ստացել է անվճար օգնություն՝ 50 հազար տոննա սպառազինություն, որին, ըստ նրա, երեկ Փաշինյանը փորձում էր արձագանքել քմծիծաղով։
«Վերահաստատում եմ՝ 2018թ-ից այս կողմ ՀՀ-ն սպառազինության աջակցություն-օգնություն չի ստացել։ Ես հիմա չեմ էլ ուզում խոսել իր ու իր թիմի կողմից «փողը տալիս ենք, զենքը չեն տալիս թեզերին», բայց պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այդ թվի մեջ շուրջ 300 միլիոնը կազմում է մեր իշխանության օրոք կնքված զենքի ձեռքբերման պայմանագրերը, որից մի քանիսը ինքը անմտաբար փոխել է՝ ՀՕՊ համակարգերը փոխարինելով առանց ռակետաների, սելֆիի համար ՍՈւ–երով»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան