Բրյուսովի անվան համալսարանում անօրինականությունների տեղատարափ է. Ուսանող
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ են անում, իրենց բողոքն ուղղված է ոչ թե ռեկտորի նոր պաշտոնակատարի դեմ, այլ գաղտնի արձակված հրամանի, որը եղել է առանց ուսանողների իմացության։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Ծովինար Պապյանը։
«Երկրորդ՝ սա համալսարանների միավորման նախահիմք է լինելու։ Մենք մտածում ենք, որ ռեկտորի փոփոխությունը, մեր մեջքի հետևում ինչ-որ գործողությունները բերելու են համալսարանների միավորմանը, որը թույլ չենք տալու»,- նշեց նա։
Ուսանողի խոսքով, մի քանի հոգով մի գիշերվա մեջ ընդունում են որոշում ու որոշում են 4500 ուսանողների ճակատագիր։
Ծովինար Պապյանն ասաց, որ դասախոսներից որևէ մեկն ուսանողներին չի ստիպել մնալ լսարաններում կամ դուրս գալ, բայց դասախոսները, ինչպես նախկինում, իրենց կողքին են։
Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Ելենա Բդոյանն ասաց, որ իրենք ժամը 10։00-ին են տեղեկացել, որ ապօրինի կերպով ընտրվել է նոր ռեկտոր՝ ուսանողների, դասախոսների, դեկանների կարծիքը հաշվի չառնելով։
«Ոչ մի անձնական խնդիր չունենք Դավիթ Գյուրջինյանի հանդեպ։ Ով էլ լիներ իր փոխարեն, նույնն ենք անելու, քանի որ ուզում ենք մեզ հարգեն, մեր իրավունքները չոտնահարեն, քանի որ ուսանողը միակ շարժիչ ուժն է, որ կարող է ինչ-որ բան փոխել։
Բրյուսովում անօրինականությունների տեղատարափ է»,- ասաց նա։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Տիգրան Թորոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ լիազոր մարմինն անգործության է մատնվել, իր պարտականությունները, օրենքի պահանջները չի կատարել, որոշել է նշանակել երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ։
«Ժամանակավոր խորհուրդը, ինչպես նաև բուն խորհուրդը, եթե նույնիսկ ընտրված լիներ, չի կարող պաշտոնակատար նշանակել, իր լիազորությունների մեջ նման բան չկա, հիմա էլ նշանակել են պաշտոնակատար։
«Ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը միասին 5000 մարդ է, այդ մարդկանց բացարձապես ոչ մի բանի տեղ չեն դնում։ Սա անընդունելի է։
Հիմա ողջամիտ ընթացք ունենալու հնարավորություն կա՝ թողնել այդ ամեն ինչը մի կողմ, հանդիպել համալսարանի ներկայացուցիչների հետ, փորձել լուծում գտնել՝ ապահովելու համար համալսարանի բնականոն կրթական, գիտական գործընթացը։
Ուղղակի թաքուն որոշումներ ընդունել, խախտելով իրավական փաստաթղթերը, անընդունելի գործելաոճ է։ Հուսանք՝ ողջամտություն կունենան ու կհրաժարվեն դրանից»,- ասաց Տ. Թորոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍՆ-ն՝ Բրյուսովի համալսարանի մասին. Իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ
- Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են անում
- ԿԳՄՍՆ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը
- Ժաննա Անդրեասյանը՝ Բրյուսովի համալսարանի մասին
- Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է ներկայացվել
- Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումն անհարկի ձգձգում են. Բրյուսովի անվան համալսարան
- Քրեական վարույթ՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության դեպքով
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը