Երկիրն իմանալու է այն մարդկանց անունները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ պետբյուջեից կանխիկացումներ են արել. Մամիջանյան
44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով կանխիկացումներ, որոնցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ գնով զրահաբաճկոններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակից են եղել, ինչքան էլ հիմա իրենց փորձեն ասպարեզից հեռացնել, պաշտոնները փոխել, թաքցնել, խոստանում է, որ այդ գործը պարզվելու է. «Դա ունենալու է ոչ միայն իրավական ու դատական հետևանքներ, այլ նաև՝ երկիրն իմանալու է այդ մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետբյուջեից կանխիկացումներ են արել պատերազմի ժամանակ»։
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև նախօրեին՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած «5-րդ շարասյան» մասին ակնարկներին:
«Դա հետագայում ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվելիք ևւ ֆեյքերի կողմից տարածվելիք՝ «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր»,- ասաց պատգամավորը։
Մամիջանյանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել։
«Շատ խնդրում եմ մեր բանակի մարտիկներին՝ զինվորից մինչև սպա, դուք էլ բացի ձեր զինվորականի մունդիրի պատվից, կորցնելու բան չունեք։ Խնդրում եմ՝ սկսեք խոսել պատերազմի ժամանակ մատակարարման մասին, կազմակերպման, լոգիստիկայի, Սյունիքից զորքերի հետքաշման բանավոր հրամանի մասին և անօրինական, հակապետական բոլոր հրամանների մասին, որ ստացել եք: 30 տարի դուք եք մեզ պաշտպանել, խոստանում եմ՝ ինչ հնարավորություններ ունեմ՝ իրավականից-տեղեկատվական և ֆիզիկական պաշտպանությունը, համեստ հնարավորությունների չափով, ապահովել: Հետո արդեն ուշ է լինելու»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախն իր խոսքն ասել է, պարզապես Հայաստանի կառավարիչները լսել չեն ուզում. Մամիջանյան
- Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը ճանաչի, իրեն գժի տեղ դնողը լրջությունից խոսելու իրավունք չունի. Մամիջանյան