Աննա Իսրայելյան. Եթե իրենք կապ չունեն ալիքի առևանգման հետ, ապա ՔՊ-ական պատգամավորի արձագանքն այդքան ջղային չպետք է լիներ
Առևանգել են Aravot.am-ի յութուբյան ալիքը և ջնջել բոլոր տեսանյութերը։ Տեղի ունեցածի, հնարավոր պատճառների, ձեռնարկվող քայլերի շուրջ Panorama.am-ը զրուցել է այս մասին ահազանգած «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ։
Panorama.am-Տիկին Իսրայելյան, Դուք ինչո՞վ եք պայմանավորում Aravot.am-ի յութուբյան ալիքի առևանգումը։
Աննա Իսրայելյան-Բնականաբար ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, քանի որ դա պետք է ապացուցվի, բայց ես ուղղակի չեմ կարող չհամադրել փաստերը։ Երեկ մինչև ժամը 19։15 մեր կայքի թելեգրամի ալիքում, ֆեյսբուքյան էջում հրապարակված էր անոնս՝ «Մեր օրեր-#Հարստացածհեղափոխականները. Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»»։ Տեսանյութը պետք է հրապարակվեր երեկ ժամը 20։00-ին, բայց մենք չհասցրեցինք ու հայտնեցինք, որ հրապարակվելու է այսօր ժամը 21։00-ին։ Երեկ ժամը 19։46-ից սկսած մենք կորցրեցինք ալիքին հասանելիությունը։ Ես կուզենայի բացառել որևէ քաղաքական միջամտություն, ասել, որ այն հաքերային հարձակման հետևանք է, բայց ես այնուամենայնիվ հիշում եմ, որ լրատվամիջոցների գոծունեությանը նման միջամտության նախադեպեր ունեցել ենք, և մարդը, որը դա կազմակերպել էր, ոչ միայն պատասխանատվություն չի կրել, այլ կարճ ժամանակ անց զբաղեցրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, հիմա պատգամավոր է։ Խոսքը Լիլիթ Մինասյանի մասին է։
Panorama.am-Դիմե՞լ եք իրավապահ մարմիններին։
Աննա Իսրայելյան-Ճիշտն ասած առաջինը դիմել ենք Google-ին, որպեսզի փորձենք հնարավորինս արագ վերականգնել ալիքը։ Սպասում ենք պատասխանին։ Գիտեմ, որ սա առաջին դեպքը չէ, բայց որևէ անգամ չեմ տեսել, որ կիբերհանցագործությունները մեր երկրում բացահայտվեն։ Իրավապահներին դիմելը ժամանակի կորուստ էլ եմ համարում։ Ամեն դեպքում մեր հայտարարությունը բավարար հիմք է, եթե ուզեն արձագանքել, կարձագանքեն։ Ես միայն տեսել եմ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ծիծաղելի գրառումը, թե «8 լայք հավաքած անոնսը թրիգեռ է դարձել նրանց ավելի փոքր յութուբյան ալիքը կոտրելու գողանալու ու էլի վատ բաներ անելու համար, լոգիկան չեմ հասկանում...»։
Կարծես լայքերով է որոշվում, կարող էր ընդհանրապես լայք չլինել, կարող էր մի հոգի տեսած լիներ։ Եթե իրենք կապ չունեն այս ամենի հետ, ապա այդ պատգամավորի արձագանքն այդքան ջղային չպետք է լիներ։ Ավելին, ինքը չպետք է արձագանքեր, պետք է արձագանքեին իրավապահները, քանի որ սա հստակ կիբերհանցագործություն է ու միջամտություն լրագրողական գործունեությանը։
Ես նորից եմ ասում, եթե նախադեպ եղած չլիներ, երբ նման միջոցով շարքից հանել են, խոչընդոտել են ԶԼՄ աշխատանքը, ես գուցե բացառեի քաղաքական որևէ համատեքստ և կարծիք ունենայի, որ սա զուտ հաքերային միջամտության հետևանք է։ Բայց հիմա ուղղակի չեմ կարող բացառել այդ վարկածը, չասել, որ սա անոնսի ու ալիքի ոչնչացման պարզ համընկնում չէր։ Հիմա մեր բոլոր տեսանյութերը ջնջված են, մինչ այդ ալիքի անունն էին փոխել, անկապ տեսանյութ էին տեղադրել։ Ես այս պահին չեմ կարող ասել, որ դա պարզ համընկնում է։
Panorama.am-Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում լայնորեն տարածվեց «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Հնարավո՞ր է հարցի բովանդակության ու դրան հաջորդած արձագանքի հետևանք լինի յութուբյան ալիքի առևանգումը։
Աննա Իսրայելյան-Ես կարող եմ ենթադրել։ Գուցե պարոն վարչապետի առավել մոլեռանդ աջակիցներից մեկը որոշել է մո՞ւռ հանել։ Նախորդ ասուլիսին, երբ նույն լրագրողը հարց էր տվել Փաշինյանին, թե ո՞րն եք համարում Ձեր պատիժը, ստանում էր մեծ թվով հայհոյանքներ, անեծքներ, սպառնալիքներ իր հասցեին, իր ֆեյսբուքյան էջում ու մեր հրապարակած նյութի ներքո։ Չգիտեմ, որևէ բան բացառել չեմ կարող։
Panorama.am-Ասացիք՝ հրապարակված բոլոր տեսանյութերը ջնջվել են։ Ունե՞ք այլ կրիչի վրա դրանք։
Աննա Իսրայելյան-Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ ծավալի մասին է խոսքը։ Գուցե լավատեղյակ չեմ, բայց կասկածում եմ, որ հնարավոր էր այդքան ծավալի նյութը պահպանել։ Ճիշտ է ալիքի բաժանորդների թիվը 30 հազար է ընդամենը, այդքան մեծ չէ, բայց այն տասը տարուց ավելի է՝ կա, մի քանի տասնյակ հազար տեսանյութ կար։
Panorama.am-Անոնսված ֆիլմը որտե՞ղ ու ե՞րբ է հրապարակվելու։
Աննա Իսրայելյան-Մենք նախատեսում ենք այն հրապարակել այսօր «Առավոտ»-ի ֆեյսբուքյան էջում։ Հուսով եմ՝ էջին որևէ բան չի լինի, քանի որ երեկ մենք «Թվիթեր»-ի մեր միկրոբլոգին կորցրեցինք հասանելիությունը, բայց քիչ անց վերականգնվեց։
Panorama.am-Տեղեկատվական անվտանգության փորձագետների հետ, վստահ եմ, խոսել եք։ Ի՞նչ են ասում։
Աննա Իսրայելյան-Այո, Արթուր Պապյանի աջակցությամբ ենք գործընթացն իրականացնում։ Մասնագետը կարծում է, որ ըստ ամենայնի յութուբյան ալիքի առևանգումը հնարավոր է դարձել խմբագրության վարակված համակարգչի միջոցով։ Այդ պատճառով է, որ նրանց հաջողվել է շրջանցել անվտանգության բոլոր համակարգերը, որ ունենք՝ երկքայլանի հաստատում, հեռախոսով, մեյլով հաղորդագրության ստացում, հաստատում... Այդ ամբողջը կար ու շրջանցել են։
Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան