Դելիում սպասվում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Հայաստանի հավաքականը, վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մրցավայրում է և հարամարվել է պայմաններին: Հիշեցնենք մեր թիմի կազմը՝ Գայանե Տեր-Բարսեղյան / 48 կգ /, Անուշ Գրիգորյան / 50 կգ /, Եկատերինա Սիչևա / 54 կգ / Էլիդա Քոչարյան / 60 կգ /, Սոնա Հարությունյան / 63 կգ / և Անի Հովսեփյան / 70 կգ /:
Արդեն մամլո ասուլիս է հրավիրել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA / նախագահ Ումար Կրեմլյովը: Նա մասնավորապես ասել է, որ ամեն բան արվել է մրցաշարի կազմակերպական հարցերին լիակատար լուծում տալու համար: Մրցումների ամբողջ ընթացքը լինելու է թափանցիկ և արդար, նպատակով, որ արժանիները դառնան մեդալակիր: Մրցանակային հիմնադրամը 2,5 ԱՄՆ դոլարի է հավասար:
Մասնակցության առումով ռեկորդ է գրանցվել: Սովորաբար կանանց աշխարհի նախորդ առաջնություններին մասնակցել են 256-ական մարզուհիներ: Այս անգամ հայտավորվել է 333 մասնակից:
Մենամարտերի ընթացքին կհետևեն նաև միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակները:
Վաղը՝ մարտի 16-ին, նշանակված են նախնական փուլի հանդիպումները, իսկ եզրափակիչ մենամարտերը կկայանան մարտի 26-ին»,- տեղեկացնում են կոմիտեից։