«Հրապարակ». Ռուսական կողմը լուրջ դժգոհություններ է հայտնել Արցախի իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբի դիմաց իրականացված բողոքի ակցիայից հետո ռուսական կողմը, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ դժգոհություններ է հայտնել Արցախի իշխանություններին, որ թույլ են տալիս նման ակցիաներ արվեն արգելափակված Արցախում։
Հիշեցնենք, որ նախանցած կիրակի՝ ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 3 ոստիկան, ՀԿ սեկտորի մի խումբ ներկայացուցիչներ՝ Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի ղեկավարությամբ, բողոքի ակցիա արեցին խաղաղապահների կենտրոնական հավաքատեղիի առջև՝ պահանջելով իրականացնել վերահսկողական գործառույթները։ Չնայած ցուցարարների քանակը բավականին փոքր էր՝ 20-30 հոգի, սակայն երեկ Փաշինյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն այդ փաստն օգտագործում են որպես հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես ռուսական կողմի պարտավորությունները չկատարելու և այդ պատճառով հակառուսական տրամադրություններ ձևավորելու ապացույց:
«Ինձ համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ամենակարևոր խնդիրն այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց ԼՂ բնակիչների բողոքի ակցիա է տեղի ունեցել: Սա մտահոգություն է, և ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ էլ ավելի խորացնելով կասկածները, որ Արցախի ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչներն իր ցուցումով են հակառուսական ակցիա իրականացրել, որպեսզի ինքը կարողանա դա ռուսների դեմ օգտագործել։
Հիշեցնենք, որ 2018-ից հետո էլ ՀԿ սեկտորի հիշյալ ներկայացուցիչները Փաշինյանի հովանու ներքո Արցախում ակտիվ գործողություններ էին ծավալում՝ փորձելով, այսպես կոչված, հեղափոխությունը Հայաստանից Արցախ տեղափոխել, ինչը չստացվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները