«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023». Ավելի քան 20 միջոցառում Երևանում և մարզերում
Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը։ Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը ներկայացնում է ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Միջոցառումները կազմակերպել են Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները։
Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ասաց, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը։
«Այս պահին առավել քան կարևոր է մատնանշել այդ բազմազանությունը, քանի որ ինտերնետում ի հայտ են գալիս բազմաթիվ տարբեր մշակութային բովանդակություններ, և արժեք ձևավորելու կարիք կա։ Առավել քան երբևէ համախմբվելու կարիք կա՝ միասին հաղթահարելու այս մարտահրավերը»,- նշեց դեսպանը։
Նրա խոսքով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի նաև քաղաքական բաղադրիչ, որն առաջ է տանում ժողովրդավարությունը, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները։ Դեսպանն ասաց, որ կազմակերպությունը նաև կայուն զարգացմանն ուղղված տարբեր նախագծեր է ֆինանսավորվում՝ ի նպաստ Հայաստանի։
Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է շուրջ 320 միլիոն ֆրանսախոսների և հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը, ներկայացնելով նաև ֆրանկոֆոնիայի արժեքները։
«Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին։
Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Ֆրանկոֆոնիայի օրերին, ամեն տարի մենք ավելի մեծ մասնակցություն ենք ունենում երկամսյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,- նշեց Ժ. Անդրեասյանը։
Նա ասաց, որ այս տարի թե կրթական, թե մշակութային հասատատություններն ակտիվ են, մեծ թվով միջոցառումներ են ծրագրվել Երևանում, մարզերում։ Նախարարը կարևորեց, որ բոլոր մարզերը ներգրավված են։
«Վստահ եմ, որ բոլոր միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը, որոնք առաջին հերթին մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեքներ են, խաղաղությունն է և կայունությունը»,- ասաց նա։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2023 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման առիթով մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Նա առանձնացրեց մարտի 31-ին Գյումրու թիվ մեկ 1 ավագ դպրոցում կազմակերպվող մեծ միջոցառումը, որին կմասնակցեն Հայորդաց տան երգչախումբը, Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը։
«Կարծում եմ՝ մենք խոսում ենք բազմազանության մասին, այդ միջոցառումները հենց իրենցով ցույց են տալիս բազմազանությունը։ Վստահ եմ, որ այս երկամսյակի ընթացքում ստանալու ենք նոր հնարավորություններ մեր համագործակցությունն ամրապնդելու, շարունակելու, նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը յուրահատուկ հարթակ է, որն ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է իր անդամ-պետությունների միջև մշակութային, կրթական, տնտեսական համագործակցությունը ի նպաստ ժողովուրդների։
Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում, որոնք աջակցում են գրողներին, կինոգործիչներին, երաժիշտներին, ֆրանկոֆոն արվեստագետներին, ավելի հասնելի է դարձնում նրանց գործերն ավելի շատ շուկաներում, օգնում է նրանց ճանաչում ձեռք բերել միջազգային շուկայում։
Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական բաղադրիչին, ըստ դեսպանի, առաջնահերթություններն են՝ խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության պահպանում, մամուլի ազատության արժեքներ։ Լուկաս Ռոզենկրանցի խոսքով, ֆրանկոֆոնիայի արժեքները ներառում է նաև կայուն զարգացում, գենդերային հավասարություն։
«Այս բազամազնությունն արտահայտվում է նաև Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի երկու ամիսների ընթացքում»,- ասաց դեսպանը։
Ասուլիսին Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն ներկայացրեց «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի ծրագիրը, որի շրջանակում կայանալու է Ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոն (մարտի 18-26-ը), կոնֆերանս՝ «Ֆեմինիստական դիվանագիտություն», մարտի 17-ից ապրիլի 20-ը՝ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգաշար, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոքր դահլիճում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ խմբավար և ֆրանսերենի առոգանության մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանի հետ կներկայացնեն ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների «Աստղային գիշեր» համերգը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ (մարտի 30-ին), օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան՝ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ (մարտի 31) և այլն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան