Հիշողության գնահատման թեստավորում՝ Արագածոտնում
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը համագործակցում են՝ նպաստելու մեծահասակների առողջության բարելավմանը: Համագործակցության շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ՀՀ ողջ տարածքում կազմակերպվող ակնային զննումներին և շաքարային դիաբետ ունեցողների հետազոտությանը զուգահեռ Ալցհայմերի խնամք Հայաստանը տարբեր բնակավայրերում իրականացնում է հիշողության գնահատում 40-ից բարձր տարիքի անձանց շրջանում։
Կազմակերպությունների տարածած հաղորդագրության համաձայն, մարտ ամսից սկսած, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետները Հայկական ակնաբուժության նախագծի հետ հիշողության գնահատման թեստավորում կիրականացնեն Արագածոտնի մարզում։
Այս համագործակցության շնորհիվ մեծահասակները հնարավորություն են ստանում մեկ այցով հետազոտվել ակնային տարբեր հիվանդությունների, նախադիաբետի, շաքարային դիաբետի, Ալցհայմերի կամ դեմենցիայի այլ դրսևորումների վաղ հայտնաբերման համար, ինչի արդյունքում հնարավոր է դառնում անհրաժեշտ բուժումն իրականացնել ժամանակին և բարելավել նրանց կյանքի որակը։
«Բժշկագիտության զարգացումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների միջև եղած կապերի հայտնաբերմանը: Այս առումով մեր համագործակցությունն ընդլայնման հետաքրքիր հեռանկար ունի՝ հաշվի առնելով երկու կազմակերպությունների փորձառությունը և ներուժը», - ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:
««Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի համագործակցությունը «Հայկական ակնաբուժության նախագծի» հետ մեզ հնարավարություն է տվել իրականացնել հիշողության գնահատումներ հազարավոր մարդկանց համար Հայաստանի տարբեր համայնքներում, քանի որ աչքի և ուղեղի միջև կապը շատ ամուր է, և դրանք կարող են մեծապես ազդել միմյանց վրա»,- նշել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ–ի հիմնադիր, ղեկավար դոկտոր Ջեյն Մահաքյանը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից է, և «Առողջ ուղեղի հայկական ծրագիրն» իրականացվում է հենց այս համագործակցության շրջանակում։ «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» իրականացմանն աջակցում են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: