44-օրյա պատերազմում նահատակված Գոռ Համբարձումյանը կհուղարկավորվի մարտի 18-ին
Արցախյան երրորդ պատերազմից անցել է երկուսուկես տարի, սակայն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում դեռ զոհված տղաների համար փոսեր են փորվում։ Մարտի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կհուղարկավորվի 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Վահրամի Համբարձումյանը։
«ԴՆԹ նույնականացման հետազոտությամբ հաստատվել է, որ Գոռի մասունքներն են։ Հստակ համոզվելու համար երկրորդ անգամ պահանջեցինք հետազոտություն։ Կրկին համընկավ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Գոռի եղբայրը՝ Արսենը։
Գոռը զոհվել է 31 տարեկանում, ունի մեկ որդի։
Գոռն առանց որևէ մեկին տեղյակ պահելու կամավոր է գրվել, 2020 թ. հոկտեմբերի 4-ին Շենգավիթի զինկոմիսարիատից գնացել է Արցախ։
«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14-ին։ Կնոջ հետ է խոսել, ասել է՝ ամեն ինչ լավ է, նորմալ։ Կինն ասել է՝ Գոռ, չես տեսնում ինչ է կատարվում այդտեղ։ Պատասխանել է՝ ես իմ կամանդիրին ու տղերքին մենակ չեմ թողնի։ Այնուհետև ոչ մի լուր։ Անհանգիստ օրեր, ամիսներ։ Այնուհետև ԴՆԹ նույնականացման երկու հետազոտություններ, երկու դեպքում էլ հաստատում»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Գոռի եղբոր կինը՝ Նելլին։ Սակայն Գոռի մայրը չի հավատացել, որ իր որդու մասունքներն են, թույլ չի տվել հուղարկավորել։
«Իր հետ համբերատար սպասեցինք մինչ օրս։ Ոչ մի տեղեկություն չունեցանք այդ ընթացքում, հասկացավ... ։ Համաձայնեց, հուղարկավորել մասունքները, սակայն մայրը մինչև իր կյանքի վերջ կսպասի իր որդուն»,- ասում է Նելլին։
Գոռի եղբայրը՝ Արսենը, պատմում է, որ նա սնունդ է բաժանել, սակայն հրամանատարին մշտապես բողոքել է, որ ինքն այստեղ եկել է կռվելու համար, ոչ թե սնունդ բաժանելու։ Հրամանատարն էլ ասել է՝ սնունդ բաժանելը պատասխանատու գործ է, վստահում է իրեն։
«Իրենք Ջրականի տարածքում են եղել։ Հրամանատարը հանձնարարություն է ստացել։ Նրան մարդիկ են անհրաժեշտ եղել։ Գոռն ասել է, որ ինքն էլ կգա։
Անցել են առաջին բլուրը։ Նրանց հետևից պետք է օգնական ուժեր գնային, սակայն որևէ մեկը չի գնացել։ Պատրաստվել են երկրորդ սարը բարձրանալ, սակայն սարի հետևից թշնամին հարձակվել է։ Նրանք կռվել են վարձկանների դեմ։
Ընկերը պատմել է, որ Գոռը վիրավորվել է սկզբում մատների շրջանում։ Մոտն անհրաժեշտ ամեն ինչ ունեցել է, վիրակապել է։
Ինչքան կարողացել են, շարունակել են դիմադրությունը։ Օգնություն չստանալով՝ տղերքը զոհվել են, միայն երկու հոգի են վիրավորվել։ Իրենք լավ չեն հիշում՝ ինչ է կատարվել։ Ասում են՝ երբ այդ անձրևը թափվեց, ամեն մեկս մի կողմ ենք փախել կամ էլ «վալնան» է շպրտել մի կողմ»,- ասում է Արսենը։
Որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թ. դեկտեմբերին մարմինները դուրս են բերել այդ տարածքից։
«Նորմալ աշխատանք ուներ, հիփոթեքով տուն էր ձեռք բերել։ Դեռ չէր էլ ավարտել վերանորոգումը։ Որդու մեկ տարեկանի օրը տեղափոխվեցին նոր տուն։ Որոշ ժամանակ հետո գնաց պատերազմ»,- պատմում է Արսենը։
Ասում է՝ եղբայրը կարող էր չգնար, բայց ընտրեց հայրենիքի պաշտպանությունը։
«Եղբայրս զոհվել է հերոսաբար, կռվել է մինչև վերջ, մինչև վերջ իր խոսքի տերն է եղել՝ չի թողել կամանդիրին ու տղաներին։
Բայց ես չեմ հավատում, որ եղբայրս զոհվել է։ Սպասում եմ իմ եղբորը»,- ասում է Արսենը։
Հարակից հրապարակումներ`
- Տղայիս հուղարկավորել ենք, թոռնիկս էլ չգիտեմ՝ ինչ ճակատագրի է արժանացել. Անհետ կորած զինծառայողի տատիկ
- Ես ամեն օր մտածում եմ և հասկանում՝ ինձ այլևս երբեք մամ չեն ասելու, տատ էլ չեն ասելու. Նահատակված Հայկ Մելիքյանի մայր
- Սեպտեմբերի 27, «Եռաբլուր». «Այս աշխարհից ոչինչ չեմ ուզում, միայն գոնե մեկ անգամ որդիս ասի՝ մերս, ո՞նց ես»
- Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
- Զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ կուղարկեն Նիդերլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության
- Պատերազմի ժամանակ որդիս ինձ գրել էր՝ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են
- Պատերազմում մոտ 100 զոհվածի հարազատներ հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները
- Հիշատակի արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
- Դեռևս ունենք անհետ կորածներ, ունենք սառնարաններում պահվող մարմիններ, որոնց ԴՆԹ պատասխանները դեռ չկան․ Ելենա Կիրակոսյան
- Դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում. Զոհված զինծառայողի հայր
- Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, եզդի Հովոն անմահացել է
- Արտերկրում և մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել. Ավանեսյան
- Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը խնդրում է ԴՆԹ անալիզ հանձնել
- «1992-ին ամուսինս է անհետ կորել, հիմա էլ՝ որդիս. երկուսն էլ 42 տարեկանում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան