«Երեմյան Փրոդաքթս». Պատրաստ ենք հրապարակային ստուգումների
«Հետք»-ի հրապարակած հոդվածին արձագանքել է կաթնաշոռ արտադրող ընկերություններից «Երեմյան Փրոդաքթս»-ը։ Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Մենք լաբորատորիայից և գործարանից սպառման կետեր ուղարկում ենք բոլոր ստուգումներն անցած ու չափանիշներին համապատասխան արտադրանք, և դրա պահպանման կամ տեղափոխման շղթայում առաջացած խախտումների համար մենք պատասխանատվություն կրել չենք կարող, սակայն պատասխանատու ենք մեր սպառողների առջև, ուստի և հրավիրում ենք ՍԱՏՄ-ի, պետական կառույցների ու պատկան մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-երի ու բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունն առ այն, որ մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների, ցանկացած տեսակի հետազոտությունների՝ սպառողներին արժանահավատ արդյունքներով ներկայանալու համար։
Այսուհետ, մենք ամեն օր հրապարակայնորեն կներկայացնենք մեր լաբորատորիայի փորձաքննության արդյունքները՝ ինչպես նաև այն փորձաքննությունների տվյալները, որոնք ամեն շաբաթ իրականացվում են անկախ լաբորատոր հետազոտական կենտրոններում»։