«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են ամեն շաբաթ հանդիպել, որպեսզի վարչապետից տեղեկանան արտաքին զարգացումների մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել: Նիստերին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչության անդամներին նախապես ասվել է, որ այդ օրերին՝ երեկոյան ժամերին, հետաձգեն բոլոր իրենց գործերը, որպեսզի առանց բացառության բոլորը ներկա լինեն նիստերին: ՔՊ-ականները նման որոշում են կայացրել՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը հաշվի առնելով:
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ շատ լավ գիտակցում են պահի լրջությունը, հասկանում են, որ Հայաստանն ու Արցախը փակուղում են, «մանևրելու» տեղ այլևս չունենք: Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը չթաքցրեց, որ բանակցությունները փակուղի են մտել, Ադրբեջանը հրաժարվում է մինչ այս ստանձնած իր պարտավորություններից, ավելին՝ գնալով մեծացնում է իր պահանջները, տարածքային նկրտումները ոչ միայն Արցախի, այլև արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ:
Խոսքը, ամենայն հավանականությամբ, հենց Սյունիքով միջանցքի մասին է: ՔՊ-ականները պարբերաբար ակնարկում են, որ հիմա բանակցային դաշտում ողջ ջանքերը ուղղված են Սյունիքը պահելուն, իսկ Արցախի հարցը թողել են բախտի քմահաճույքին, կամ ինչպես իրենք են ասում, «Արցախի ժողովուրդը և ղեկավարությունը իրենք հենց պետք է որոշեն իրենց ճակատագիրը»: Բացի սա, լարված է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքը. պարբերաբար ՔՊ-ականների կոռուպցիոն «հերոսությունների» մասին նոր տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, ինչի արդյունքում ՔՊ-ն հայտնվում է մամուլի ու հասարակության քննադատության կիզակետում:
Այս ամենը հաշվի առնելով՝ ՔՊ-ականները որոշել են ամեն շաբաթ հանդիպել, որպեսզի վարչապետից տեղեկանան արտաքին զարգացումների մասին, ինչպես նաև քննարկեն իրենք հետագա անելիքները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները