Հենրիխ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է, կարգին մարդ և պետք է հարգել նրա որոշումը. Պետրակով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարեց, որ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Իտալիայի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն մերժում է ստացել։
«Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն անձամբ խոսել նրա հետ։ Նույնիսկ փորձել եմ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ծանոթների միջոցով դրան հասնել, բայց նա մերժել է` ասելով, որ ինքը կայացրել է որոշում և այն չի փոխելու»,- նշեց մարզիչը` պատասխանելով հարցին, թե արդյոք փորձել է զրուցել Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում։
Պետրակովի խոսքով՝ դիմել է նաև իր օգնական, Հենրիխի խաղընկեր Ռոման Բերեզովսկուն, որ նա ևս փորձի խոսել Մխիթարյանի հետ, սակայն Հայաստանի հավաքականի նախկին ավագն ասել է՝ ինքն ավարտել է իր ելույթները ազգային հավաքականում։
«Մխիթարյանը Հայաստանի թիմին հաջողություն է մաղթել և նշել, որ չի պատրաստվում փոխել իր որոշումը։ Ես այլ մարդկանց միջոցով էլ փորձեցի նրա հետ կապ հաստատել, հանդիպել, ասացի, որ կմեկնեմ Միլան, ուղղակի կխոսեմ իր հետ, բայց Մխիթարյանը չցանկացավ անձնական հանդիպումը ևս: Ես կարծում եմ, որ պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։
Ըստ գլխավոր մարզիչի՝ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է։ «Ես անձամբ նրան չեմ ճանաչում, բայց Դոնեցկի «Շախտյոր»-ի տղաներն ասում են, որ նա կարգին մարդ է, ուստի պետք է հարգել նրա որոշումը»,- ընդգծեց Պետրակովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին