Aravot.am-ի օգտահաշիվը Google-ում վերականգնվել է, յութուբյան ալիքը` սառեցվել
Մասնագետների ջանքերի շնորհիվ Google-ում Aravot.am-ի օգտահաշիվը վերականգնվել է։ Սակայն խմբագրությանը երկարատև գործընթաց է սպասվում։ Առևանգված յութուբյան ալիքում չարագործների գործողությունների հետևանքով ալիքը սառեցված է։
«Այս պահին վերականգնվել է միայն Google-ին մեր հասանելիությունը։ Բայց մեր յութուբյան ալիքը վերականգնված չէ։ Բացի այն, որ ալիքն առևանգածները կոտրել են յութուբյան ալիքը, ջնջել են տեսանյութերը, նաև ինչ-որ գործողություններ են իրականացրել, վնասաբեր ծրագրեր են գործարկել, ինչի հետևանքով ալիքը սառեցված է, քանի որ «այն խախտել է Յութուբի համայնքի կանոնները»,-Panorama.am-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը։
Նրա խոսքով, Google-ի հետ բանակցություններին զուգահեռ խմբագրությանն աջակցող մասնագետները պետք է առանձին կապի մեջ լինեն նաև Յութուբի հետ, որպեսզի ալիքը վերադարձնեն այն տեսքին, ինչպիսին եղել է մինչև հարձակումը, փորձեն վերականգնել ջնջված տեսանյութերը։
«Քանի որ հաքերային հարձակումն արվել է համակարգիչների միջոցով, դրանք դեռ պետք է ֆորմատ արվեն, մաքրվեն վնասաբեր ծրագրերից, քանի որ համանման հարձակման ենթարկված մեր գործընկերների, ես ի նկատի ունեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, փորձը վկայում է, քանի դեռ համակարգիչները չեն մաքրվել, եթե մուտք գործենք օգտահաշիվ, նույն պատմությունը կկրկնվի»,-ասաց Աննա Իսրայելյանը։
Խմբագրությանն օգտահաշիվը վերականգնելու հարցում օգնել են CyberHUB-ի թիմն ու դրա համահիմնադիր Արթուր Պապյանը։
«Չարագործներն օգտագործել են ֆիզիկական անվտանգության բանալի, դա հատուկ սարք է և նման սարքի օգտագործումը վկայում է այն մասին, որ հաքերները նպատակ են ունեցել, այսպես կոչված, երկարաժամկետ վերահսկողություն հաստատել օգտահաշվի վրա և ոչ մի դեպքում դրա մուտքը չզիջել հետ՝ «Առավոտ»-ին»,-ասել է Պապյանը:
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Պապյանը դժվարանում է ասել, երբ կվերականգնվի խմբագրության յութուբյան ալիքին հասանելիությունը, քանի որ ամեն բան կախված է Google-ից, որը բազմաթիվ ստուգումների արդյունքում կկայացնի որոշում։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Վտանգի տակ են ԶԼՄ-ների ոչ միայն յութուբյան ալիքները, այլև սոցցանցերի հաշիվները
- Աննա Իսրայելյան. Եթե իրենք կապ չունեն ալիքի առևանգման հետ, ապա ՔՊ-ական պատգամավորի արձագանքն այդքան ջղային չպետք է լիներ
- Առևանգել են «Aravot.am»-ի յութուբյան ալիքը և ջնջել բոլոր տեսանյութերը. Աննա Իսրայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա