Միրզոյան. Ադրբեջանն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին
Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման մեկնարկին Ա. Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Միրզոյանը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները:
Ա. Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
- Ալիևի հայտարարությունը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին. ԱԽ և ՀԱՊԿ քարտուղարների արձանագրումը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
- Պապիկյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան