Ցանքատարածությունների մակերեսը շարունակում է նվազել. Նոր գյուղատնտեսական տարի՝ նոր խնդիրներ
«Գյուղատնտեսական տարվա մեկնարկի մասին պետք է մտածել, որոշումները կայացնել աշնանը, որպեսզի գարնանն անմիջապես անցնեն գործի»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյուղատնտեսական տարվա մենարկին՝ ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Գյուղատնտեսը ցավով է նշում՝ անվտանգության առկա մարտահրավերների, սոցիալ-տնտեսական խնդիրների ավելացման պայմաններում գյուղատնտեսությունը մղվել է վերջին պլան, մինչդեռ օր առաջ պետք է մտածել նաև պարենային անվտանգության ապահովման մասին։
«Այսօր ֆերմերները, տնտեսվարողները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, թանկ են դիզվառելիքը, պարարտանյութը, հիմնականում վարկավորումն էլ է դադարեցված։ Ստացվում է, որ փոքր և միջին խավի տնտեսություններն այսօր հնարավորություն չունեն նորմալ սերմեր, դիզվառելիք ու պարարտանյութ գնելու համար։ Պահեստներում կա որոշակի քանակությամբ պարարտանյութ, բարձր գնի ու պետական սուբիսիդավորման բացակայության պատճառով հողօգտագործողը չի կարողանում այն ձեռք բերել»,-ասաց գյուղատնտեսը։
Նրա խոսքով, առկա իրավիճակը համակարգային խնդիրների հետևանք է, նախ պետք է անել ծրագրեր, որոնք կապահովեն ծանքատարածությունների մեծ մակերեսներ, ապա պետք է անցնել հզորացման, զարգացման ծրագրերի իրականացմանը, հակառակ պարագայում անմշակ հողերի մակերեսը շարունակելու է ավելանալ։
«Հիմա ասում են լիզինգի, ինտենսիվ այգիների ծրագիր, բայց դրանք ցածր ու միջին կարողություն ունեցող մարդու, հողի մշակի բանը չեն, մեծ եկամուտներ ունեցող մարդիկ կարող են դրանց շահառուն դառնալ»,-ասաց նա։
Պաշտոնական վիճակագրությունը վկայակոչելով՝ Հարությունյանը նշեց, որ 2022-ին 2021-ի համեմատ ցանքատարածությունների մակերեսը նվազել է 15 հազար հա-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ավելացել է 0.4%-ով։
«Ցույց են տալիս, որ 0.4 տոկոս աճ կա, բայց հողատարածքները քիչ են մշակվել, միջին բերքատվությունն է վիճակագրությամբ բարձր ցույց տված։ Անասնապահության ոլորտում գլխաքանակի անկում է, ոչխարաբուծության, խոզաբուծության ճյուղերում անկում է։ Բերքն են ցույց տվել ավել, ստացել են 0.4 տոկոս աճ, կրկնում եմ, երբ նախորդ տարվա համեմատ շուրջ 15 հազար հա պակաս տարածք է մշակվել՝ և հացահատիկային, և բանջարանոցային, և բոստանային, և հատիկաընդեղենային մշակաբույսերի։ Այս իրավիճակում էլ ոչինչ չի արվում, բացարձակ»,-ասաց Ա. Հարությունյանը։
Նա խիստ մտահոգիչ է համարում Պետական վերահսկողական ծառայության հրապարակած այն տվյալները, որ 2018-2022 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի վնասը կազմում է 557 մլն դրամ։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունը, որ պետք է հանրապետությունում օրինակելի տնտեսություն լիներ իր ծրագրերով, ապահովեր որոշակի քանակությամբ տեղական սերմեր, 557 մլնի վնաս է կրում։ Սա խոսում է համակարգային խնդիրների, ոչ ճիշտ ու ոչ փորձառու կառավարման, չիմացության կամ էլ անտերության ու դիտավորության մասին։ Ինձ համար բոլոր տարբերակներն էլ արդեն ընդունելի են, մեկ տարի վնաս, երկու տարի վնաս, երեք տարի, չո՜րս, հի՜նգ... այն դեպքում, երբ մենք անընդհատ խոսում ենք սխալ ծրագրերի մասին»,-ասաց նա։
Աշոտ Հարությունյանի խոսքով, այսօր ջերմոցային տնտեսությունների համար լուրջ վտանգ է Թուրքիայից ներկրվող պտուղ բանջարեղենը, օրինակ, վերջերս Թուրքիայից բերվել է ելակ, ջերմոցատերերն արդեն խառնվել են իրար։
«Վաղը կլինի կարտոֆիլ, մյուս օրը պոմիդոր... Հիմա շուկայում հայտնվել են կարտոֆիլի այնպիսի տեսակներ, որոնք, իմ համոզմամբ, Ռուսաստանում չեն աճում։ ՍԱՏՄ-ն պետք է հայտարարի, որտեղից է այսօր Հայաստան գալիս կարտոֆիլը։ ՍԱՏՄ ղեկավարը հրաժարական է տալիս, ոչ մի հետևանք, ո՞ւր են սպանդանոցները, սպանդանոցային մորթը, որտե՞ղ են սպանդի ենթարկվում Վայոց Ձորի կենդանիները, ո՞ւմ հսկողությամբ... էլ չեմ խոսում այլ խնդիրների մասին»,-նշեց նա։
Պատերազմական վիճակում գտնվող երկրի պարագայում, ըստ նրա, պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը պարենային անվտանգության ապահովման համար, պետք է հողը ճիշտ մշակվեր, մարզային կառույցներն ուժեղացվեին, հողօգտագործողի հետ ամենօրյա աշխատանք տարվեր։
«Մինչդեռ հակառակ պրոցեսն է գնում նույնիսկ Արցախի շրջափակման պայմաններում։ Սա պայմանավորված է անհայրենասիրությամբ, անգրագիտությամբ, անփորձությամբ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին