Երևանի քաղաքապետը հայտարարեց հրաժարականի մասին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական արտահերթ նիստ է հրավիրել։ Նա հայտարարեց, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից։
«Երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ կառավարության և քաղաքապետարանի միջև համագործակցությունը բավականին լավ է, խոչընդոտներ չունենք, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միաժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, աշխատել մեր պետության զարգացման ուղղությամբ»,- ասաց Հ.Սարգսյանը։
Նա հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, և ցուցակը գլխավորելու է նա։
«Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն ու հնարավորություն կունենանք կշարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որոնք համատեղ սկսել ենք դեռ 2018 թվականից»,- ասաց Հ. Սարգսյանը։
Նա նշեց, որ բարդ ժամանակաշրջանում են ապրում, իրավունք չունեն ներսում ունենալ պառակտումներ, դրանց հաշվին ունենալ անկայունություններ։
«Անձնական տիրույթում ես ոչ մեկից որ նեղացվածություն ունեմ, ոչ ինչ-որ տրամադրվածություն»,- ասաց Սարգսյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարների, աշխատակիցների, երևանցիների անունից շնորհակալություն է հայտնում Հ.Սարգսյանին։
«Քաղաքը շենացնելու ձեր դրած քարերը, վստահ եմ, ամուր են, մնայուն են։ Վստահ եմ, դուք լինելու եք հիշված»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հ.Սարգսյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը:
Հրաչյա Սարգսյանի ելույթը՝ գործակարգավարական արտահերթ նիստում.
«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ,
2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե քաղաքային խնդիրների առումով, թե ներքին և արտաքին քաղաքական պայմաններում և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև վերականգնել կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը:
Ուրախ եմ արձանագրել, որ նշածս երկու կետերն էլ դրվել են հաջող ընթացքի վրա, դա են փաստում արված աշխատանքները:
Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև քաղաքական խզումը վերացված, ես ավարտված համարելով իմ առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի մաս, և շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ։
Ինչպես նախկինում էր հայտնի առաջիկա Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը և ես ինքս խոսել եմ այդ մասին։ Հույս ունեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակելու մեր համայնքի համար գերկարևոր ծրագրերը։
Շնորհակալություն եմ հայտնում համատեղ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի համար իմ բոլոր գործընկերներին»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրերի մասին
- Մեսրոպ Առաքելյանը քաղաքապետարանին մեղադրում է ավտոբուսները թանկ գնելու համար
- Կոռուպցիան շատացել է. Փաշինյան
- Քաղաքապետը, միգուցե, ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները.Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան