Չփորձեք մանիպուլացնել իմ հարցադրումները, այլ հունով տանել դրանք. Խամոյանը՝ ՔՊ-ականներին
«Ինձ զարմացնում է իշխող ուժի պատգամավորի ցուցադրական հայտարարություններն ու գնահատականները, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչպիսին է ՌԴ գնահատականը ԵՄ դիտորդական առաքելությանը»,- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ըստ նրա, դա առնվազն տարակուսելի է ու հիշեցրեց, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ամենակարևորը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, այսօր ռուս խաղաղապահներն են ապահովում արցախցիների անվտանգությունը։
ՔՊ-ական Արման Եղոյանն ասաց, որ Ա. Խամոյանը սխալ է մեջբերում իր գործընկեր Սոնա Ղազարյանի խոսքը։ Վերջինս էլ նշեց, որ ինքը արտաքին հարաբերություններում որևէ ճաշակ չունի. «Ես, որպես Հայաստանի քաղաքացի, ունեմ մի հետաքրքրվածություն. ի տարբերություն որոշների, ովքեր հասարակությունում և ԱԺ-ում ներկայացնում են այլ պետությունների շահերը, ես ունեմ մի հետաքրքրվածություն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։
Հայաստանի գործող իշխանությունները չեն խորշելու իրենց տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը, սուվերենությունը պաշտպանելու համար դիմելու բոլոր սուբյեկտներին, որոնք իրապես հետաքրքրված են մեր տարածքային ամբողջականությամբ, սուվերենությամբ, արձանագրում են այն փաստը, որ ՀՀ երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի»։
Ա.Խամոյանն ասաց, իր հարցադրումները հստակ էին, հստակ էին այդ հարցադրումների բուն էությունը։ «Աշխարհաքաղաքաան երկու կենտորնների լարվածության ֆոնին՝ դուք, որպես իշխանություն, ձեր պարտականությունն է թույլ չտալ Հայաստանը դարձնել բախման խաչմերուկ։
Չփորձեք մանիպուլացնել իրավիճակը, իմ հարցադրումները դիրքավորվել այնպես, որ դուք Հայաստանի մասին մտածողներ եք, ընդդիմությունն էլ չգիտեմ որ երկրի շահերն է սպասարկում ու հետապնդում։ Ցուցաբերեք հանգստություն, չփորձեք մանիպուլացնել իմ հարցադրումները, այլ հունով տանել դրան»