«Հրապարակ». Ինչ հրահանգների է սպասում Արայիկ Հարությունյանը Մոսկվայից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, Մոսկվայից հրահանգների է սպասում։ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա փոքր-ինչ հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացի կրկնել է Բաքվի խոսույթը, որ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա։
Հարությունյանը կարծում է, որ ինքն այլևս անելիք չունի նախագահի պաշտոնում, և պատրաստվում է հրաժարական տալ։ ԱՀ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ կա՛մ Մոսկվայից նրան կտարհամոզեն, կա՛մ հրաժարականի դիմում կգրի։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, և նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում։
Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել ԱԺ լուծարումից, և օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել։ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետ է սահմանել մինչև մարտի 21-ը, որից հետո արդեն խորհրդարանը սահմանադրական փոփոխության նախագիծը կքվեարկի երկրորդ և վերջնական ընթերցմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները