Լուվրի հետ համագործակցությամբ՝ Էրեբունի թանգարանը կունենա նոր ցուցադրություն
Այս տարի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան ունի բազմաբովանդակ, կարևոր ծրագրեր։ Ասուլիսում ասաց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Նա հայտնեց, որ մարտի վերջին նախատեսում են Լուվրի գործընկերների հետ համատեղ Էրեբունի թանգարանի նոր ցուցադրության սցենագրաֆիայի մրցույթը։
«Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի Հին մերձավոր արևելքի դեպարտամենտի աջացությամբ Էրեբունին ունենալու է բոլորովին նոր ցուցադրություն»,- ասաց Մ.Բադալյանը։
Նրա խոսքով, նախատեսվում է դեկտեմբերին փակել թանգարանի ցուցադրությունը, մի փոքր հատված բաց պահել այցելուների համար, 2024 թ. ապրիլին Էրեբունի թանգարանը կունենա ժամանակակից, ինտերակտիվ հատվածներով հագեցած ցուցադրություն։
Մ.Բադալյանն ասաց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրությունը 1984 թվականից գրեթե չի փոխվել. «Եթե 1984 թվականի համար ցուցադրությունը շատ լավն էր, հիմա ցուցադրությունը շատ հնացել է, պետք է ժամանակին համընթաց քայլենք»։
Նա հայտնեց, որ Հայաստանում թանգարանային սցենոգրաֆիան այնքան էլ զարգացած չէ, և դրա շուրջ ամառվանից աշխատում են Լուվրի թանգարանի գործընկերների հետ, նոր հայեցակարգն արդեն պատրաստ է։
Ապրիլի կեսերին Միքայել Բադալյանը Լուվրի հրավերով կգնա Ֆրանսիա՝ քննարկելու ապագա համագործակցության հեռանկարները, հանդիպումներ է ունենալու ֆրանսիական մի շարք առաջատար արգելոց-թանգարանների տնօրենների հետ։
Նա ասաց, որ հասել են մի կետի, որ արդեն համագործակցում են, կապեր են հաստատել Էրմիտաժի, Լուվրի, Բրիտանական թանգարանի, Պուշկինի թանգարանի հետ։
«Էրմիտաժի հետ ջերմ հարաբերություններ ունենք։ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին շատ ջերմորեն է վերաբերում Էրեբունիին, Երևանին։ Փետրվարին նրա հրավերով եղա Էրմիտաժում, քննարկվեց ապագա համագործակցության հեռանկարները, սեղանին է դրված Էրմիտաժի և էրեբունի միջև նոր պայմանագրի տեքստը։ Իրավաբաններն են նայում վերջնական տեքստի բերելու համար։
Դրանով նախատեսվում է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը, էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչը չափազանց կարևոր ձեռբերում է։ Պատկերացրեք՝ Էրմիտաժից մի կարևոր իր կցուցադրվի Էրեբունիում։ Միաժամանակ Էրմիտաժում կցուցադրվեն Էրեբունի թանգարանից իրեր, այսինքն ժամանակավոր կտրվեն»,- ասաց Բադալյանը։
Էրմիտաժի հետ համագործակցությունը, նրա խոսքով, կօգնի նաև Հայաստանից ռեստավրատորների վերապատրաստման գործին։
Մ. Բադալյանը հայտնեց, որ մայիսի 3-ին Կարմիր բլուրում սկսվող հնագիտական պեղումներին Էրմիտաժից ևս հնագետներ կմասնակցեն հայկական արշավախմբի կազմում։
Հարակից հրապարակումներ`
- Էրեբունի թանգարանից հեծյալով ռիտոնը կցուցադրվի Բրիտանական թանգարանում
- Քննարկվել է Էրեբունի թանգարանում Էրմիտաժի անկյուն ստեղծելու հեռանկարը և Էրմիտաժում՝ Էրեբունիում պահվող արտեֆակտներ ցուցադրելու հանգամանքը
- Մենք պետք է տեր լինենք Ուրարտուին և մեր մյուս ժառանգությանը. Միքայել Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան