Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը աղետ է դարձել Եվրոպայի համար. Ֆրանսիացի քաղաքական գործիչ
Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը աղետ է դարձել Եվրոպայի համար: «Ռիա Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է ֆրանսիական «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Կարծում եմ՝ Եվրոպայի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է էներգետիկ հարաբերությունների խզումը։ Դա աղետալի հետևանքներ ունեցավ։ Սա հատկապես ազդեց Գերմանիայի, բայց նաև մի փոքր Ֆրանսիայի վրա: Մենք հիմա հեղուկ բնական գազ ենք գնում ԱՄՆ-ից, որն արժե շատ ավելի թանկ, քան ռուսականը: Եվ դա չի կարող չանհանգստացնել»,- ասել է Ֆիլիպոն՝ խոսելով Ուկրաինայում պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի միջև հարաբերությունների խզման հետևանքների մասին։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը ռեկորդային է դարձել. այն մեկ տարում կրկնապատկվել է:
«Բացի այդ, կա նաև ուժեղ բնապահպանական ազդեցություն, քանի որ ռուսական գազը մենք ստանում էինք խողովակաշարով, իսկ ամերիկյան հեղուկ բնական գազը (ՀԲԳ) ստանում ենք տանկերներում, ինչը շատ վատ է բնապահպանության և շրջակա միջավայրի համար»,- նշել է քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է տնտեսական հետևանքներին, Ֆիլիպոն հիշեցրել է, որ եվրոպական երկրներն արդեն անցել են դա, երբ ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ 2014 թվականին։ Այդ ժամանակ, ըստ նրա, Ռուսաստանն ուժեղացել է, իսկ եվրոպացիներին այդ սահմանափակումները, ընդհակառակը, թուլացրել են:
«Հետևաբար, մենք արդեն գիտեինք, որ նոր պատժամիջոցները նորից կշրջվեն մեր դեմ: Այսպիսով, մենք պարտվեցինք և՛ էներգետիկ, և՛ տնտեսական տեսանկյունից: Էներգակիրների գների բարձրացման պատճառով եվրոպական շատ ընկերություններ սկսեցին տեղափոխվել ԱՄՆ: Ֆրանսիայում հացաբուլկեղենների խանութներն ու փոքր բիզնեսը սկսել են փակվել, քանի որ չեն կարողանում էլեկտրաէներգիայի համար նման գումար վճարել, ուստի իրավիճակն իսկապես աղետալի է»,- ամփոփել է գործակալության զրուցակիցը։