ՔՊ-ն՝ Հրաչյա Սարգսյանին. Կամ գնում ես, կամ քեզ տանում են
«Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մեսրոպ Առաքելյանի երեկվա գրառումը պատճառ դարձավ, որ նրա երբեմնի կուսակից, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հենց այսօր հրաժարական ներկայացնի։ Այս մասին պնդում է Panorama.am-ի՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը։
Հիշեցնենք, որ Առաքելյանն իրավապահների ուշադրությունն էր հրավիրել քաղաքապետարանի կողմից չինական ավտոբուսների ձեռքբերման գործարքի վրա՝ նշելով, որ տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք՝ վատնում։ Խոսքը 3.5 մլն ԱՄՆ դոլարի մասին է։
Panorama.am-ի աղբյուրը հայտնեց, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի քաղաքական որոշում կայացվել է դեռ շաբաթներ առաջ, «քանի որ չնայած բազմաթիվ փորձերին, Հրաչյա Սարգսյանին չի հաջողվել համոզել Նիկոլ Փաշինյանին, որ Ավինյանի փոխարեն քաղաքապետի թեկնածու առաջադրեն իրեն»։ Ի դեպ, թիմում Փաշինյանի հետ սեպարատ բանակցություններ վարելու փորձերը Հրաչյա Սարգսյանին չեն ներել։
Չնայած կայացված քաղաքական որոշմանը, Հրաչյա Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարելու հարցում հապաղում էր։
Երեկ Մեսրոպ Առաքելյանին այսպես կամ այնպես տրամադրվել է ավտոբուսների ձեռքբերման գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը, վերջինս էլ այն հրապարակել է։
Չմոռանանք, որ Մեսրոպ Առաքելյանը, Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ազդեցիկ այլ պաշտոնյաներ ընկերներ էին, եկել են քաղաքապետարան նույն բանկից «Առաքելություն» կուսակցության ու ՔՊ-ի քաղաքական համաձայնության արդյունքում։
Ստացվում է, որ քաղաքապետի երբեմնի ընկեր Մեսրոպ Առաքելյանի միջոցով, որը եղել է Փաշինյանի խորհրդականը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, հրապարակվեց ուլտիմատում՝ ուղղված Հրաչյա Սարգսյանին. կամ հիմա հրապարակում ես հրաժարականիդ դիմումը, կամ քեզ քաղաքապետարանից պարզապես տանում են իրավապահները։
Արա Սևունց
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետը հայտարարեց հրաժարականի մասին
- Քաղաքապետարանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրերի մասին
- Մեսրոպ Առաքելյանը քաղաքապետարանին մեղադրում է ավտոբուսները թանկ գնելու համար
- Մանեն ու «կարճ մազերով Մանեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան