Հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության հաստատման. Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուին
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ, միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին փոխանցում է ParsToday-ը։
Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ տարածաշրջանի և հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնման համար:
Ողջունելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ ձեռք բերված պայմանավարվածությունը, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է. «Այդ որոշումը կնպաստի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը և իսլամական երկրների միջև համագործակցության միջոցով տարածաշրջանի խնդիրների լուծմանը»:
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները և տարածաշրջանային որոշ հարցեր: