Հայաստանում քութեշի դեպքերը շատացել են
Հայաստանում 2023 թվականի հունվարին գրանցվել է քութեշի 124 դեպք: Մեծ մասն արձանագրվել է մանկահասակ երեխաների շրջանում: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Վիճակագրության համաձայն՝ 2022 թ-ին հանրապետությունում գրանցվել է քութեշի ընդամենը 9 դեպք։ 100 000 բնակչի հաշվով նախորդ տարվա հունվարին ցուցանիշը կազմել է 0.3, այս տարի՝ 4.2:
Վարակվածներից 15-ը 0-2 տարեկան են, 77-ը՝ 3-6 տարեկան, մնացածը՝ մինչև 18 տարեկան։
Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ քութեշը (scarlatina) սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է՝ անգինայով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ մանր կետավոր ցանով (էկզանթեմա):
Քութեշով ավելի հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները:
Հիվանդության մասին
Վարակի աղբյուր են հանդիսանում քութեշով, անգինայով և ստրեպտոկոկերով պայմանավորված շնչառական վարակի այլ կլինիկական ձևերով հիվանդները, ինչպես նաև «առողջ» վարակակիրները:
Հիվանդներն առավել վտանգավոր են հիվանդության առաջին օրերին, իսկ վարակելիությունը դադարում է սովորաբար հիվանդության սկզբից երեք շաբաթ անց:
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ սովորաբար հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում:
Քութեշի հարուցիչները կարող են փոխանցվել նաև այն առարկաների և իրերի միջոցով, որոնց հետ շփվել է հիվանդը (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն):
Հիվանդության սկիզբը սուր է՝ անսպասելի, այն արտահայտվում է ջերմության արագ բարձրացումով, տկարությամբ, թուլությամբ, հաճախասրտությամբ, գլխացավով: Ջերմության բարձրացման հետ միասին (կամ մի քանի ժամից) ի հայտ է գալիս ցավ կլման ակտի ժամանակ:
Հիվանդության առաջին օրվանից, ավելի հազվադեպ 2-րդ օրվանից կամ ավելի ուշ, ի հայտ է գալիս վառ-վարդագույն կամ կարմիր մանր ցան:
Քութեշով հիվանդը պետք է մնա տանը՝ սահմանափակելով շփումներն այլ անձանց հետ: Քութեշով հիվանդ երեխաները չեն հաճախում մանկական հաստատություններ: Տան անդամներին վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում հիվանդի հետ շփումից հետո հաճախակի լվանալ ձեռքերը օճառով: Հիվանդի համար առանձնացվում է սպասք և անձնական հիգիենայի պարագաներ: Պարբերաբար օդափոխվում է հիվանդի սենյակը՝ իրականացնելով խոնավ մաքրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան