Ի՞նչ կլինի ցուպիկով, բորբոսասնկերով, խմորասնկերով կաթնաշոռի օգտագործման դեպքում. Մանրամասնում է սննդագետը
Հայաստանյան 10 ընկերությունների արտադրած կաթնաշոռի փորձաքննության արդյունքների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն օրեր շարունակ տարածվում, քննարկվում էր սպառողների շրջանում։ Հիշեցնենք՝ պարզվել էր, որ 8 ընկերության արտադրանքն անվտանգ չէ, քանի որ պարունակում է բորբոսասնկեր, խմորասնկեր, մանրէներ, աղիքային ցուպիկ։
Ինչպե՞ս կանդրադառնա նման կաթնաշոռի երկարատև օգտագործումը երեխաների, խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց առողջության վրա, զրկե՞լ երեխային կաթնաշոռից, կառաջացնե՞ն մանրէները հակամարմիններ մարդկանց օրգանիզմում, ո՞վ է ստեղծված իրավիճակի մեղավորը՝ արտադրո՞ղը, իրացման ցա՞նցը, թե՞ պետական վերահսկողը։
Այս ու այլ հարցերի մասին Panorama.am-ը զրուցել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։
Panorama.am-Պարոն Պիպոյան, ինչպե՞ս կարող է խմորասնկեր, բորբոսասնկեր, աղիքային ցուպիկ ու մանրէներ պարունակող կաթնաշոռի հաճախակի օգտագործումն ազդել մարդու օրգանիզմի, առողջության վրա։
Դավիթ Պիպոյան-Նախ պետք է հստակ տարանջատել կաթ-կաթնամթերքի անվտանգության գործընթացում պայմանական ախտածին հանդիսացող օրգանիզմները, մասնավորապես հայտնի աղիքային ցուպիկի խմբի մանրէների, ինչպես նաև կոլի բակտերիաների առկայությունը։
Միջազգային պրակտիկայում դրանք կանոնակարգվոմ են ոչ թե որպես անվտանգության ցուցանիշ, այլ հիգիենայի։ Այսինքն սրանք կոնկրետ ցուցանիշներ են, որոն փաստում են արտադրությունում, իրացման ցանցում ոչ պատշաճ հիգիենայի, պահպանման ռեժիմի, վերահսկողության հանգամանքը։
Պայմանական ախտածինը որոշակի ազդեցություն է թողնում երեխաների, ցածր իմունիտենտ, որոշակի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վրա։ Չպետք է մոռանալ, որ հասարակությունը բաղկացած չէ միայն լիարժեք առողջ մարդկանցից։ Եթե նայեք, առողջապահության նախարարի հրամանը, որը վերաբերում է նախադպրոցական հաստատությունների սննդակարգին, ապա կտեսնեք, որ երեխաներին չի թույլատրվում տալ առանց ջերմային մշակման կաթնաշոռ։
Բնականաբար այս բոլոր չափանիշներն ու չափորոշիչները մշակվել են՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր երեխաները կարող են այս մանրէաբանական ցուցանիշներով մթերքն առանց ջերմային մշակման լիարժեք մարսել՝ չունենալով առողջական որևէ խնդիր։ Կարելի է կաթնաշոռով բլիթներ, թխուկներ պատրաստել։
Panorama.am-Շատերը խմորասնկերի առկայությունը նորմալ են համարում։ Այդպե՞ս է։
Դավիթ Պիպոյան-Տեսեք, ոչ բոլոր խմորասնկերն են ոչ ցանկալի, քանի որ կան խմորասնկեր, որոնք ապահովում են խմորման պրոցեսը, քանի որ առանց դրանց ոչ մի տիպի խմորում գոյություն չունի։ Անկախ այն բանից թե հա՞ց պետք է թխենք, կեֆի՞ր ստանանք, թե՞ օղի թորենք, հարկավոր են խմորասնկեր։ Բայց երբ խմորասունկը հայտնաբերվում է այլ արտադրությունում, դառնում է անցանկալի։ Կաթնաշոռում դրանց նորմայից ավելի առկայության դեպքում այն սկսում է ենթարկվել նախ համային փոփոխության, կաթնաշոռից կարող է թույլ կծվադառնահամ գալ։ Կաթնաշոռն ուտելու դեպքում այդ ձգող համը կոկորդում երկար պահպանվում է։ Սա անցանկալի խմորասնկերի հետևանք է։ Դրանց բազմացման դեպքում կարճացնում են ապրանքի պիտանելիության ժամկետը։ Դա էլ իր հերթին ունենում է տնտեսական հետևանք, երբ համը փոխում է, մենք այդ կաթնաշոռը թափում ենք։
Կաթնաշոռում խմորասնկերի առկայության պատճառը հիմնականում վատ լվացված սարքավորումներն են կամ վատ ախտահանված օդը։ Կարող է լինել նաև խմորման համար օգտագործվող ոչ լավորակ մակարդի օգտագործումը։ Խմորասնկերի, միկրոօրգանիզմների բազմացման համար իդեալական միջավայր է ստեղծում ջերմային ռեժիմի ոչ պատշաճ պահպանումը։
Panorama.am--Այսինքն խմորասնկերը կարո՞ղ են առաջնալ նաև արտադրության պրոցեսից հետո, ինչպես պնդում են որոշ արտադրողներ։
Դավիթ Պիպոյան-Իհարկե։ Առավոտվա ժամերին տարբեր խանութներում ես բազմիցս տեսել եմ, թե մինչև դասավորելն ինչքան երկար ժամանակ է սայլակի մեջ՝ սառնարանից դուրս մնում նոր ստացած կաթնամթերքը։ Երբ խոսում ենք կաթ-կաթնամթերքի մասին, խիստ կարևոր նշանակություն ունի ջերմային ռեժիմի պահպանումը, քանի որ խմորասունկը ոչ պատշաճ ջերմային պայմաններում արագ կարող է բազմանալ։
Ի դեպ, խմորասնկի՝ նորմայից ավելի քանակությունը հատկապես խոցելի խմբերի մոտ աղեստամոքսային տրակտում առաջացնում է խնդիրներ, վքնածություն, տհաճ զգացողություն։
Panorama.am--Աղիքային ցուպիկի առկայությունն ինչի՞ մասին է խոսում, դա՞ էլ ջերմային ռեժիմի ոչ պատշաճ պահպանման հետևանք է։
Դավիթ Պիպոյան-Տեսեք, փորձաքննության ենթարկված մթերքը վերցված էր իրացման ցանցից, մթերքի անվտանգության գործում կարևոր դեր ու նշանակություն ունի սննդի մատակարարման ողջ շղթան, իսկ մենք բոլորս գիտենք, որ իրացման ցանցում մի շարք խնդիրներ կան։ Ասել, որ սա միայն արտադրողի պատասխանտվության գոտում է, չենք կարող։ Հավատացեք ինձ, 40-50 րոպե ջերմային ոչ պատշաճ հսկողության արդյունքում արտադրանքի մեջ կարող է նորմայից ավելի միկրոօրգանիզմների քանակ լինել։
Panorama.am--Ստացվում է՝ օբյեկտիվ պատկեր ունենալու համար արտադրողից պետք է գնել կաթնամթերքը, սակայն սպառողներն այն ձեռք են բերում ու օգտագործում հենց իրացման ցանցից։
Դավիթ Պիպոյան-Այո։ Որևէ մեկի աշխատանքը չեմ նսեմացնում, բայց ես էլ որպես սպառող ապրանք գնում եմ իրացման ցանցից։ Մենք՝ որպես ռիսկի գնահատման կենտրոն բոլոր նմուշները ձեռք ենք բերում իրացման ցանցից, որպեսզի լինի իրական գնահատում։ Բայց պետք է հիշենք, որ խնդրի դեպքում մենք տալիս ենք ոչ թե իրացման ցանցի, այլ արտադրողի անունը։
Ես մի օրինակ բերեմ, երբ իրականացնում էինք երշիկի փորձաքննություն, վերցրեցին նույն արտադրողի չկտրտած արտադրանքը և խանութում կտրտածը։ Պարզվեց, որ չկտրտած արտադրանքում նորմայից շեղում չկա, այսինքն սլայսերով կտրատման արդյունքում տեղի էր ունեցել երկրորդային աղտոտում։ Վերահսկող մարմինը հիմա պետք է մշտադիտարկում իրականացնի թե արտադրողի մոտ, թե իրացման ցանցում։ Այդ դեպքում կերևա, թե որ տնտեսվարողների մոտ է խախտումը արտադրությունում, որի դեպքում է՝ իրացման ցանցում։ Գուցե խախտումն առաջացել է տեղափոխմա՞ն փուլում։ Այս հրապարակումից հետո տեսչական մարմինը բազմաթիվ անելիքներ ունի։ Նրանք արդեն հայտարարել են, որ հրապարակումն ընդունել են որպես ահազանգ։ Պետք է հիշել, որ մեր երկրում սննդամթերքի անվտանգության խնդիրներ կան բոլոր օղակներում՝ արտադրւթյունից մինչև իրացման ցանց։ Ինձ համար շատ կարևոր է, թե արտադրողների արձագանքից հետո ինչպիսի արձագանք կտա պետական մարմինը, արդյո՞ք կտա պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե որտեղից են գալիս խնդիրները։
Panorama.am-Ի՞նչ խորհուրդ կտաք մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկներին, ինչո՞վ կարող են փոխարինեկլ կաթնաշոռը։
Դավիթ Պիպոյան-Ես իմ ծանոնթերից ոչ մեկին թույլ չեմ տալիս, որ խանութից առած կաթնաշոռ տան երեխաներին։ Բոլորին խորհուրդ եմ տալիս տանը թարմ կաթը եռացնել, կտրել մածունով ու տալ երեխային։
Panorama.am-Հրապարակումից հետո շատերը կատակում էին՝ շարունակելու են կաթնաշոռի օգտագործումը, որպեսզի իրենց օրգանիզմում հակամարմիններ առաջանան։ Հնարավո՞ր է նման բան։
Դավիթ Պիպոյան-Ինչպես արդեն ասացի, նման կաթնաշոռի օգտագործումը բացասական ազդեցություն կարող է թողնել երեխաների, խոցելի խմբերի, ցածր դիմադրողականություն, դիաբետ, աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցող մարդկանց առողջության վրա, տհաճ զգացողություն, այրոց է առաջացնելու։ Կրկնում եմ, երեխաներին կաթնաշոռը կարելի է տալ միայն ջերմային մշակումից հետո։
Ինչ վերաբերում է հակամարմիններին, ապա այո, տարիների ընթացքում նման սնունդ օգտագործելու հետևանքով օրգանիզմը սովորում է։ Նկատած կլինեք, երբ արտասահմանից հյուր եք ունենում, օրինակ, նույն պաղպաղակն ուտելուց հետո նրանց մոտ փորլուծություն է լինում։ Նրանք սովոր չեն այդ քանակով աղտոտումներին, իսկ մեր օրգանիզմն արդեն սովորել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան