Ինչպե՞ս են Արցախում պատրատվում «Բակում կատաղած շուն կա»-ի առաջնախաղին
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի նոր՝ «Բակում կատաղած շուն կա» ներկայացման փորձից լուսանկարներ է հրապարակել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
Առաջնախաղը կկայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մայր թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը մանրամասնել է՝ ընտրել են կատակերգություն, որպեսզի կարողանան հասարակությանը մի փոքր կտրել առօրյա հոգսերից:
Մարտի 27-ին նախատեսվում է նաև գրքի շնորհանդես՝ նվիրված Արցախի մայր թատրոնի 90-ամյակին, որը լրացել է անցած տարվա օգոստոսին։
Թատրոնի տնօրենը նշել է, որ չնայած շրջափակման դժվարություններին մարտ ամսում 4 անգամ թատերասերներին են ներկայացրել «Անմահների դիրքը» բեմադրությունը: Անցած տարի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը մոտ 80 ներկայացմամբ է հանդես եկել, որից 11-ը արտասահմանում: Ներկայում, սակայն, շրջափակման հետևանքով զրկված են այդ հնարավորությունից: