ՀԱՊԿ ԽՎ դիտորդները Ղազախստանի ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանող են ճանաչել
Կիրակի օրը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) առաքելության համակարգող, Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մարկևիչը։
«Պետք է արձանագրել, և մենք դա նշել ենք մեր եզրակացության մեջ, որ ընտրություններն անցել են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասել է նա:
Բացի այդ, ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը նշում է ընտրատեղամասերում անվտանգության և կարգուկանոնի բարձր մակարդակը։
Առաքելությունը ճանաչել է ընտրությունների արդյունքները, որոնք կամփոփվեն երկրի ԿԸՀ-ի կողմից։ «Մեր եզրակացության մեջ նշում ենք, որ ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին, պայմաններ են ստեղծվել, որպեսզի ընտրողները արտահայտեն իրենց կամքը: Եվ մենք մեր եզրակացության մեջ նշել ենք, որ ճանաչում ենք այն արդյունքները, որոնք կամփոփի ԿԸՀ-ն»,-ասել է նա։
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները կազմակերպվել են խառը համակարգով՝ պատգամավորների 70%-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով, 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։ Երեկ երեկոյան հրապարակված երեք հասարակական կարծիքի սոցհարցումների արդյունքների համաձայն՝ երկրի ամենամեծ «Ամանաթ» կուսակցությունը 53%-ից ավելի արդյունքով գլխավորում է ընտրությունները, ստորին պալատ մտնելու միայն 5 %-ի շեմը կարող է հաղթահարել գրանցված յոթ կուսակցություն հինգը կամ վեցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան