Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Օրերս «Соловьев Live» ռադիոհաղորդման ժամանակ Բաղադասարովն անդրադարձել է Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առաջիկայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
«Մենք որոշակի ուժեր ոտքի կհանենք Թուրքիայում և կվերադարձնենք այն, ինչ պատմականորեն մեզ է պատկանում ՝ Կ. Պոլիսը», - ասել է Բաղդասարովը եթերում։
Ըստ Բաղդասարովի՝ Թուրքիան այժմ թուլացել է տնտեսական ճգնաժամի և երկրաշարժի հետևանքով, ուստի Ռուսաստանը պետք է օգտվի դրանից և վերադարձնի այն, ինչը պատմականորեն իրեն է պատկանում։
Նա նաև կոչ է արել Թուրքիային վտարել Կենտրոնական Ասիայից, նվազեցնել Անկարայի ազդեցությունն Ուկրաինայում և Հարավային Կովկասից։
«Մենք խաչ կկանգնեցնենք Այա Սոֆիայի եկեղեցու վրա»,-ասել է նա:
«Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ և մեր տարածքների վերադարձով»,- հավելել է Բաղդասարովը։
Առահասարակ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում Բաղադասարովի ելույթները Թուրքիայի մասով: