«Ավրորայի լուսաբացը» Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
Ռեժիսորը նշում է, որ սա յուրահատուկ մրցանակ է՝ կինոյին և մարդու իրավունքներին նվիրված փառատոնում: Ավրորան պայքարում էր իր ներսում մարդկությունը կենդանի պահելու համար՝ մեղմելով իր ցավը էկրանին, և դա նշանակում է, որ նրա առաքելությունը դեռ շարունակվում է և երբեք չի մոռացվի։
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորայի լուսաբացը» շարունակում է փառատոնային արշավը
- «Ավրորայի լուսաբացը»՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ
- «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը էկրաններին է
- «Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը
- «Ավրորայի լուսաբացը»՝ կինոփառատոնից կինոփառատոն
- «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրում