Կասկած ունեմ, որ փոփոխության նպատակը շատ ԲԿ-ներին լիցենզիայից զրկելն է. Արմենուհի Կյուրեղյան
«Լիցենզավորող մարմինը կարո՞ղ է նման մեծ ծավալի վերալիցենզավորում կատարել այսօրվա հնարավորություններով, ի՞նչ սկզբունքներ են դրված սարքավորումների՝ հնացած, ոչ արդիական ճանաչելու մեջ: Այս բոլորը պետք է հստակ ձևակերպում ստանար մինչև նախագիծը քննարկման բերելը»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ելույթ ունենալով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ այդ, նախագիծը ներկայացնելիս, ասել էր, որ դրանով նախատեսվում է բժշկական կազմակերպությունների լիցենզավորումն իրականացնել պարբերական բնույթով՝ ամեն 5 տարին մեկ, որի ժամանակ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման մասին բոլոր պահանջներին:
Նախարարի խոսքով՝ փոփոխվելու է նաև լիցենզավորման կարգերն ու պայմանները՝ բարձրացնելով ենթակառուցվածքների, սարք-սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշ ծառայությունների համախմբման մասով պահանջները:
Արմենուհի Կյուրեղյանը, տեղեկացնելով, որ նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե վերալիցենզավորման գործընթացներում ֆինանսական էական ծախսեր չեն պահանջվում, հարցրեց, թե նման մեծ ծավալի աշխատանքների համար ինչ մասնագիտական և այլ ռեսուրսներ են օգտագործվելու:
Պատգամավորը, հիշեցնելով, որ նախագծի հիմնավորման մեջ գրվում է, որ այն ռազմավարական ոչ մի ծրագրից չի բխում՝ հավելեց. «Սատցվում է, որ ձեր 5 ամյա պլանը, մինչև 2050 թվականի ռազմավարական ծրագրով ամեն ինչ արել եք, մնում է հիմա էլ այս ռազմավարությունից չբխող փոփոխություննե՞րն արվեն:
Սա ինձ հնարավորություն է տալիս բարձրաձայնել ողջամիտ կասկած, որ փոփոխության նպատակն է լիցենզիայից զրկել շատ բուժական ծառայություն մատուցող կազմակերպությունների և դրանք դարձնել վաճառքի առարկա, թե ինչ նպատակնեով՝ դուք կարող եք մտածել, սիրելի հանրություն»:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյանը պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց ձայնի իրավունքից
- ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը