Արցախում բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը.Թադևոս Ավետիսյան
«Անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ Շրջափակման 100 օրերի ընթացքում շարունակում են խորանալ հումանիտար, սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները։
Ըստ Ավետիսյանի՝ պարենի սղությունը, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդը և հասանելիության սահմանափակումները, գազի, էլեկտրական էներգիայի դիվերսիոն անջատումները իրավիճակը հասցրել են հումանիտար աղետի՝ առաջ բերելով գոյաբանական սպառնալիքներ։
Հայտնելով, որ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ավելանում են անվտանգային սպառնալիքներն ու տնտեսվարման անլուծելի խնդիրները՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Չնայած իրականացվող պետական աջակցության ծրագրերի և գործող հարկային արտոնությունների՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող սուբյեկտ դադարեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը գործում են մասնակի ծավալով։ 2672 արցախցի դարձել է գործազուրկ՝ կորցնելով իր կայուն աշխատանքն ու եկամուտները»։
Պատգամավորը տեղեկացրեց, որ Արցախի հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից շուրջ 24 %-ով կամ 1,3 միլիարդ դրամով պակաս են հավաքագրվել։
Նա ընդգծեց, որ այդ ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ մարդկության աչքի առջև, միջազգային մարդասիրական իրավունքի լկտի ոտնահարմամբ, անտեսելով միջազգային կառույցների, դերակատար պետությունների պաշտոնական կոչերը և դատապարտումները։
«Հայաստանի օրվա իշխանությունն էլ խոսում է 44-օրյա պատերազմից հետո Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության որոշակի աճերի մասին։ Ի դեպ, 2023 թվականին՝ նախորդ տարվա փաստացիի համեմատ՝ նախատեսված այդ աջակցությունը կրճատվել է 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով։ Վստահ եմ՝ արցախցու ոգին անկոտրուն է, կամքն՝ անսասան։ Արցախցին այսօր կանգնած է և պայքարում է վճռական, որ հայ ժողովուրդը չհայրենազրկվի, ունենա պետականություն և արժանապատվություն»,-խոսքն ավարտեց Թադևոս Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին հիշեցրեց բանակցային նախկին գործընթացներն ու առաջարկեց համեմատել այսօրվա հետ
- Ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. Ասպրամ Կրպեյան
- Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին