«Կասպերսկի». Հայաստանն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 10-րդն է ստալկերային գրոհների ենթարկվածների թվով
Հայաստանն ու Ադրբեջանը 2022-ին մտել են Արևելյան Եվրոպայի (բացառությամբ Եվրամիության երկրների), Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի այն երկրների տասնյակ, որտեղ ամենաշատն են իրականացրել ստալկերային գրոհներ։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության մոբայլ պաշտպանական լուծումներն Ադրբեջանում հայտնաբերել են 130 նման դեպք (5-րդ տեղ), Հայաստանում ՝ 27 (10-րդ տեղ)։ Վրաստանն այդ ցանկում չի հայտնվել։
Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ ստալկերային ԾԱ-ն ներառում է վճարովի հավելվածներ, որոնք չարագործները կարող են աննկատ տեղադրել զոհի մոբայլ սարքում։ Դա նրանց թույլ է տալիս հետևել սարքի տիրոջ անձնական կյանքին՝ առանց նրա իմացության։
Ընկերության տվյալներով՝ 2022-ին ստալկերային ԾԱ-ի բախվել են 29 312 ունիկալ օգտատերեր ամբողջ աշխարհում։ Զոհերի թվով առաջին երեք տեղերը զբաղեցրել են Ռուսաստանը (8281), Բրազիլիան (4969) և Հնդկաստանը (1807): Այս երեք երկրները «Կասպերսկի» ընկերության վարկանիշի անփոփոխ առաջատարներն են 2019-ից։ ԱՄՆ-ում տուժած օգտատերերի թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է և կազմել 1295 մարդ. այժմ այդ երկիրը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը։ Իրանում, ընդհակառակը, գրանցվել է տուժածների թվի աճ. 2022-ին այն կազմել է 1754 մարդ և դուրս բերել երկիրը վարկանիշի չորրորդ հորիզոնական: Սակայն, 2021-ի տվյալների համեմատ, Իրանը դարձել է միակ երկիրը, որն առաջին անգամ է հայտնվել ցանկում և միանգամից առավել տուժած երկրների հնգյակում։ Թուրքիան (755 տուժած), Գերմանիան (736) և Մեքսիկան (474), ինչպես և նախորդ տարի, հայտնվել են ամենաշատ տուժած երկրների հաջորդ հնգյակում: 2022-ին դրանց միացել են Սաուդյան Արաբիան (612) և Եմենը (527)։
Ստալկերային ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիայի գնահատմամբ՝ ամբողջ աշխարհում ստալկերային ծրագրերի զոհերի տարեկան թիվը մոտենում է մեկ միլիոնի։
Նման ծրագիր ներբեռնելու և տեղադրելու համար անհրաժեշտ է միայն ինտերնետ կապ և սմարթֆոնին ֆիզիկական հասանելիություն: Դրանով չարագործը հասանելիություն է ստանում զոհի անձնական տվյալներին՝ այդպիսով ներխուժելով նրա անձնական կյանք։ Ստալկերային հավելվածները կարող են տարբեր տեղեկատվություն հավաքել զոհի մասին, բայց ամենից հաճախ դա սարքի գտնվելու վայրի տվյալներն են, տեքստային հաղորդագրությունները, սոցիալական ցանցերում զրույցները, լուսանկարները, բրաուզերի պատմությունը և այլ շատ տվյալներ:
Ստալկերային ծրագրերն աշխատում են ֆոնային ռեժիմում. զոհերի մեծ մասը նույնիսկ չի կռահում, որ ինչ-որ մեկը հետևում է իրենց յուրաքանչյուր քայլին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան