ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը
«Ներկայացնում եմ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մեր լրամշակած տարբերակը, որը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ, մերժվել է»,-ԱԺ հերթական նիստի մեկնարկում ներկայացնելով Լաչինի միջանցքի խնդրով ԱԺ հայտարարության նախագիծը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Հայտարարության նախագծում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային հումանիտար տնտեսական լրջագույն ճգնաժամի:
Նշվում է նաև, որ շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար և այն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի պահանջները, նպատակ է հետապնդում ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել:
Ընդդիմադիր խմբակցությունը հայտարարության մեջ ամրագրել է. «Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը՝ հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել»:
Նախագծում ընդգծվում է նաև, որ պաշտոնական Բաքուն ծավալապաշտական վարքագիծ է ցուցաբերում նաև Հայաստանի նկատմամբ:
Ըստ նախագծի՝ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և ելքը ինքնորոշման իրավունքի իրացումն է, իսկ Բաքվի վարքը ստիպում է երկարացնել ՌԴ խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետը:
«Կոչ ենք անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին կատարելու Բերձորի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արձանագրելով, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, դիմում ենք միջազգային հանրությանը, աշխարհի պետությունների խոհրդարաններին, միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերը և ռազմատենչ վարքագծին տալ համարժեք գնահատականներ»,-ամրագրված է հայտարարության մեջ:
Ընդդիմությունը հայտարարությամբ Արցախի հայրենակիցներին կոչ է անում պայքարել իր իրավունքների համար:
Հարակից ելույթով հանդես եկած ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետտյանը նշեց, որ հայտարարության մեջ ասվում է, թե Ադրբեջանը, խմբագրելով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը, փակել է Լաչինի միջանցքը և դրանով պատասխանատվության բաժին է վերագրում նաև Հայաստանի իշխանություններին և այդ պատճառով միայն կարելի էր մերժել հայտարարությունը:
Կարապետյանը ընթերցեց նախագծի մերժման հիմնավորումը՝ հիշեցնելով, որ Լաչինի միջանցքով արդեն ԱԺ հայտարարության տեքստ ընդունվել է, իսկ ներկայացված հայտարարության մեջ չի խոսվում միջազգային փաստահավաք առաքելություն բերելու անհրաժեշտության մասին, այլ հարց է շեշտադրում:
ՔՊ պատգամավորները չմասնակցեցին քվերակությանը և հայտարարությունն ընդդիմության 28 կողմ ձայնով մերժվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան