Սուրեն Սարգսյանը «Մի կյանքից ավելի» գրքում ներկայացրել է բացառիկ մանրամասներ հոր անցած ճանապարհի մասին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի մասին բացառիկ մանրամասներով գիրք է գրել, մանրամասներ, որոնք հայտնի չեն նույնիսկ նրան ճանաչողներին։ «Մի կյանքից ավելի» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նախօրեին։
«Գիրքն այն մասին է, թե ինչպես էին ամենահասարակ մարդիկ ոչ թե PR-ի, այլ պետության անվտանգության ապահովման համար ամենատարբեր ուղղություններով ծավալում լրջագույն գործունեություն։ Գիրքն այն մասին է, թե ինչպես էին այդ մարդիկ Սովետական Հայաստանում, դրանից հետո անկախ Հայաստանում՝ պաշտպանության նախարարությունում, ԱԳՆ-ում իրենց կյանքն ու գործունեությունն ամբողջությամբ, անմնացորդ, իրական գործի համար նվիրում իրենց պետությանը։
Գրքի ամենակարևոր մեսիջը հենց դա է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։
Նա նշեց, որ գրքում տեղեկություններ կան կարևոր օպերացիաներ մասին, մասնավորապես Ազգային հերոս Մոնթե Մելոնյանին գաղտնի պայմաններում Երևան տեղափոխելու օպերացիան, որը հենց հայրն է իրականացրել։
«Այդ մասին շատ ինֆորմացիներ են ի հայտ եկել. տեղեկություններ, որոնք մասին գիտեի, տեղեկություններ, որոնց մասին բացարձակ որևէ պատկերացում չունեի։ Հայրս որևէ բան չէր պատմել, հիմնականում իր ընկերները, գործընկերները։
Ինձ հետ կապ էր հաստատել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը և հրավիրել իր առանձնատուն, ներկայացրել լրացուցիչ տեղեկություններ Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի մասին։ Ինքն այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահն է եղել։
Հորս գործունեության հետ կապված շատ տեղեկություններ ճշտել եմ նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից»,- ասաց գրքի հեղինակը։
Ս. Սարգսյանի խոսքով, գիրքը հարուստ է պատմական, քաղաքագիտության, դիվանագիտության, արտաքին քաղաքականության տեսանկյունից։
Արմեն Սարգսյանը 1982-1991 թթ. ծառայել է ՀԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի հետախուզական և հակահետախուզական մարմիններում, 1991-1994 թթ.ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչությունում: Եղել է Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդ, ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդ։ Եղել է ՀՀ դեսպան Չինաստանում, Կորեայում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում, Բուլղարիայում։
Արմեն Սարգսյանը մահացել է 2022թ. ապրիլի 29-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան