Ակցիա. Փաշինյանը հայտարարում է, որ Արցախում կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ ֆոնին ոչինչ չեն անում
«Արցախի շրջափակման հարցում միջազգային ընտանիքի լռությունը մենք չենք հանդուրժում, շարունակելու ենք մեր գործողությունները՝ ավելի կոշտ մոտենալով այդ հարցին»,-լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից, դաշնակցական երիտասարդ Արշակ Մեսրոպյանը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ պետք է խնդրի շուրջ համախմբեն երիտասարդներին։
«Այս ակցիայի հիմնական ուղերձն այն է, որ կառավարությունը ցուցաբերում է լռություն։ Մինչդեռ մենք ընդգծում ենք՝ չենք հանդուրժելու այս վիճակը։ ՀՅԴ երիտասարդական կառույցները լծված են Արցախի շրջափակման խնդրի բարձրաձայնմանը, դրա դեմ բողոքի ակցիաներին»,-ասաց Ա. Մեսրոպյանը՝ ընդգծելով, որ Արցախի հարցի շուրջ պետք է լինի կոնսենսուս։
Կառավարության շենքի դիմաց էին նաև «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ դաշնակցական Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը։
Վարդանյանն ասաց՝ ակցիան իրականացվում է կառավարության շենքի դիմաց, քանի որ Հայաստանին, հայաստանցիներին, հայերին վերաբերող խնդիրների լուծման ամենամեծ գոծիքակազմն ու հնարավորություններն ունի կառավարությունը։
«Դա պարտականություն է, իրավունք չէ, այսինքն, նրանք դրանից հրաժարվել չեն կարող։ Արցախում ՀՀ անձնագիր ունեցող 120 հազար մարդկանց բոլոր հիմնական, բնական իրավունքները ոտնհարված են։ Երկրի ղեկավարը հայտարարում է, որ նրանք կանգնած են ցեղասպանության առաջ ու այդ ֆոնին մենք տեսնում ենք գործնական քայլերի իսպառ բացակայություն»,-ասաց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ իշխանությունը ստեղծված իրավիճակում մեղադրում է բոլորին՝ նախկիններին, դաշնակիցներին ու այլոց, հետևաբար հարց է առաջանում, իշխանությունը միայն պարգևավճարնե՞ր ստանալու համար է։
«Հիմա եթե մենք փողոց փակենք, մեր նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելով կբացեն փողոցը, կասեն՝ խոչընդոտում ենք քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Հիմա մեր հայրենակիցների ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարված չէ՞։ Այդ ուղղությամբ քայլեր ո՞վ պետք է ձեռնարկի։ այսօր նման ակցիաները կարևոր են, քանի որ հանրային օրակարգից Արցախը դուրս է գալիս, իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում այն օրակարգից հանել»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան