Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն նրանց ուղղությամբ կրակ արձակել. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա:
Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է:
Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել:
Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները:
Եթե ռուս զինծառայողների գործողություններն ընդհանուր առմամբ պարզ են` դրանք կարգավորվում են 44-օրյա պատերազմին հաջորդած ռուս-հայկական պայմանավորվածություններով, ապա դեռ հստակ չի, թե նման դեպքերում ինչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները` դրանք հետագայում տեղ են գտնելու ընթացիկ փակ զեկույցներու՞մ, թե՞ դրանք բերելու են ընթացիկ արձագանքի»:
Հիշեցնենք՝ նախօրեին ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»։
Այսօր ՊՆ-ից հայտնեցին.
«Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։
Հարակից հրապարակումներ`
- Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում թեթև վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ
- Մոլորված զինծառայողը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է. ՊՆ
- Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան